News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատապարտում ենք Ազգային ժողովի աններելի եւ անթույլատրելի անգործությունը եւ կոչ ենք անում նրան օգտվել արտահերթ նիստ հրավիրելու իր սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով: Այս մասին ասված է 12 հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երեւան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձություններով»։

Կազմակերպությունները նշել են, որ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին եւ նրանց պահանջները, «քանի որ երկրում տիրող համակարգային կոռուպցիան, սոցիալական անարդարութունը, ընտրանքային արդարադատությունը, անկասելի արտագաղթը եւ շարունակ կեղծվող ընտրությունները պատրանք են դարձրել դրական փոփոխություններ ակնկալելու բոլոր հույսերը»:

Հայտարարությունում ասված է, որ «ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ եւ բռնություն, ինչի արդյունքում քաղաքացիների խաղաղ ինքնաբուխ հավաքները դաժանորեն ցրվել են, հարյուրավոր մարդին բերման են ենթարկվել եւ շինծու մեղադրանքներ են առաջադրվել առավել ակտիվ քաղաքացիներին»:

«Լարվածությունը գնալով շիկանում է, մինչդեռ երկրի նախագահն արդեն տասնմեկերորդ օրն է` որեւէ ուղերձով չի դիմել ժողովրդին, իսկ Ազգային ժողովը եւ նրա ազգընտիր պատգամավորները վայելում են իրենց ամառային հանգիստը», - ասված է հայտարարությունում։

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները դատապարտում են «Ազգային ժողովի աններելի եւ անթույլատրելի անգործությունը եւ կոչ են անում խորհրդարանին՝ օգտվել արտահերթ նիստ հրավիրելու սահմանադրական իրավունքից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով»:

«Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային Ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է եւ հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Եվրասիա համագործակցության հիմնադրամ

Երեւանի մամուլի ակումբ

ԷկոԼուր ՀԿ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Ժողովրդավարություն այսօր ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոն

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Հ.Գ. Հայտարարությունը բաց է միանալուհամար:

Նշենք, որ նախօրեին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ համաձայնել են ստորագրել 9 պատգամավոր՝ Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ