News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երեւանում ստեղծված իրավիճակի մասին։

Հայտարարության մեջ ասվում է. «Ս.թ. հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված խմբի կողմից ձեռնարկված հարձակման արդյունքում հեղվեց հայի արյուն, ծանր հարված հասցվեց մեր ազգի հեղինակությանը:

Անչափ ցավալի է, որ այդ գործողության կազմակերպիչներից ոմանք Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են… Մարդիկ, որոնց հետ կողք-կողքի, նույն խրամատում կանգնած, պաշտպանել ենք հող-հայրենին, իսկ այսօր, կարծես թե` հայտնվել բարիկադի տարբեր կողմերում:

Թե որքանով է հիմնավորված ու վեհ հակառակ կողմում հայտնված հայրենյաց պաշտպանի նպատակն ու դրան հասնելու միջոցների ընտրությունը, ցույց կտա պատմությունը, բայց որ այսօր արդեն ունենք հայի խեղված ճակատագիր, երկատված ժողովուրդ եւ աննախանձելի ներքաղաքական իրավիճակ, դա ակնհայտ է…

Ակնհայտ է, քանզի այս պահի դրությամբ ունենք Արցախի պաշտպանության համար մարտնչած, բայց հայի ձեռքով սպանված հայ գնդապետ, հայի կրակոցից վիրավորված հայ քաղաքացիներ, հայի ձեռքում գտնվող հայ պատանդներ, այդ թվում նաեւ կին…

Այսքանից հետո մենք` ձեր երեկվա մարտընկերները, սխալվել, թե±, պարզապես, երեւակայության ուժով հավատացել ենք, որ հանձինս ձեզ ունենք հայրենիքի ճակատագրով մտահոգ զինակիցներ…

Դատելով ստեղծված ծանր իրավիճակից, պարզվում է, որ սխալվել ենք… Սխալվել ենք, քանի որ ձեր ընտրած ճանապարհով դուք հյուծում եք ազգն ու հայրենիքը, այլ ոչ թե` տանում հզորացման…

Չմոռանանք, որ ապրիլյան դեպքերից շատ կարճ ժամանակ է անցել եւ չի բացառվում առավել դաժան ու երկարատեւ առճակատման հավանականությունը… Հանգամանք, որը մեզ հուշում է ոչ թե ներքին ընդվզումներով ջլատել մեր համազգային դիմադրողականությունը, այլեւ առաջնորդվել միաբանվածության եւ համախմբվածության տեսլականով… Գիտակցեք, որ պառակտիչ գործողություններով դուք թուլացնում եք առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող Հայաստանը… Իսկ թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաեւ Արցախի ապագան:

Ի տարբերություն ձեզ, մենք` երեկվա պատերազմի մասնակիցներս, հավատացած ենք, որ սոցիալ-տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրներ ունեցող մեր երկրի ապագա հաջողության հիմքը խաղաղ ու հետեւողական բարեփոխումներն են, որ Արցախի անկախության ու նրա տարածքային ամբողջականության լիարժեք ապահովման գրավականը մեկս-մյուսին հասկանալու, այլ ոչ թե հասարակությանը սեփական պետության դեմ լարելու մեջ է…

Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ոչ միանշանակ իրավիճակից, Արցախի ազատամարտիկների միությունը կոչ է անում ինչպես զինված խմբի անդամներին, այնպես էլ վերջիններիս անհավասարակշիռ գործողություններից ոգեւորված մի շարք հասարակական ու քաղաքական կազմակերպություններին ձեռնպահ մնալ Մայր Հայաստանի ներքաղաքական վիճակը սրելու անհեռատես քայլերից եւ բռնել խոհեմության ճանապարհը: Իսկ այդ ճանապարհը մեկն է` ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին եւ գնալ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ