Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սանա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», վիրավոր է: Այս մասին հայտնում է «Հիմնադիր խորհրդարանը»:
«Սասնա ծռեր» խմբից Վարուժան Ավետիսյանը 1in.am-ին հայտնել է, որ Արայիկ Խանդոյանը վիրավորվել է ոտքից: Նրա խոսքով, Արայիկ Խանդոյանը «մոտեցել է պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է . թե ոչ, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվել է»:
Ոստիկանությունից հաստատել են այս տեղկությունը՝ նշելով. «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ ՊՊԾ գնդում քիչ առաջ կրակահերթեր եւ կրակոցներ են հնչել, ինչին իրավապահները պատասխանել են, որի արդյունքում կրակահերթ արձակողներից մեկը՝ Արայիկ Խանդոյանը, վիրավորվել է»։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը Էրեբունիում գրոհով վերցրել է ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ են արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Ըստ ոստիկանության, հուլիսի 26-ի առավոտյան ոստիկանության եւ զինված խմբի միջեւ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան եւ «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 27-ին, ոստիկանության փոխանցմամբ, հրաձգության ընթացքում վիրավորվել են «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաեւ իրավապահները ձերբակալել են զինված խմբից Արամ Հակոբյանին եւ Գագիկ Եղիազարյանին: