News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կայացել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակման արարողությունը, որի ժամանակ սփյուռքահայ 67ուսուցիչ ստացել է ԿԳՆ վկայական:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացները կնպաստեն սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանության գործին: Նա նաեւ ուսուցիչներին հորդորել է կազմակերպիչներին ներկայացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ցանկալի է ներառվեն հետագա վերապատրաստման դասընթացների ծրագրերում:

Նշենք, որ մեկամսյա դասընթացներից հետո 18 երկրի 67 ուսուցիչ  ստացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության վկայականներ: Ծրագիրն ընթացել է վեց ուսումնական խմբերում՝ նախադպրոցական, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման եւ լրացուցիչ կրթության կազմակերպման: Ուսուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների, Երեւանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի եւ այլ ուսումնական հաստատությունների դասախոսների պարապմունքներին, ինչպես նաեւ գործնական ժամերին: Վերապատրաստման շրջանակում համապատասխան խմբի մանկավարժներն այցելել են Երեւանի մանկապարտեզներ, ՀՀ ԿԳՆ գեղագիտական դաստիարակության եւ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, Հայորդաց տուն` սովորելով ձեռագործ, մանրանկարչություն, հայկական երգ ու պար:

Ուսուցման ընթացքում առաջնահերթություն է դիտարկվել մեթոդիկայի ներկայացումը: Հայոց լեզվի եւ գրականության ուսումնական խմբում լեզվի ուսուցումն իրականացվել է տարբերակված՝ արեւմտահայերեն եւ արեւելահայերեն դասավանդողների համար: Բոլոր խմբերում ուսուցիչներն ունեցել են որոշակի քանակով մանկավարժության եւ հոգեբանության դասաժամեր: Առանձին ներկայացվել են էթնոհոգեբանության եւ հայապահպանության հիմնախնդիրներ:

Բացի դասերից, ուսուցիչները հնարավորություն են ունեցել այցելել թանգարաններ, ծանոթացել կրթության ոլորտում առաջատար հրատարակչությունների արտադրանքին, հանդիպել "Հայոց ցեղասպանության հարցերի դասավանդում տարբեր տարիքի երեխաների համար" մեթոդական ձեռնարկի հեղինակ եւ մի շարք մենագրությունների հեղինակ Ռուբինա Փիրումյանին, մասնակցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումներին: Հատուկ ուսուցիչների համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպվել էր "Սայաթ-Նովա" աշուղական համույթի համերգը: Հանգստյան օրերին ուսուցիչների համար կազմակերպվել են շրջայցեր, որոնք նույնպես պարունակել են ուսուցողական տարրեր:

Դասընթացները եզրափակվել են սփյուռքահայ ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպված համերգային ծրագրով:

Տպել
Ամենաշատ