News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մայրաքաղաքում նախօրեին տեղացած հորդառատ անձրեւը խափանեց «Սասնա ծռերի» աջակիցների ծրագրերը։ Երեկոյան նախատեսված հերթական երթը դեպի Խորենացի փողոց չկայացավ, եւ Ազատության հրապարակում հավաքն ավարտվեց մի քանի ելույթից հետո։ Որոշեցին գնալ տուն, հավաքվել հաջորդ օրը նույն վայրում։

Գիշերը ՊՊԾ գնդում եւ հարակից տարածքում խաղաղ անցավ։ Այսօր պարզվեց, որ վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը։ Տեղեկությունը տարածեց ոստիկանությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկը փոխհրաձգության ժամանակ։ Ըստ իրավապահների՝ ՊՊԾ գունդը գրաված անձանց կողմից կրակոցներ են հնչել, ինչին իրենք պատասխանել են, «Միայնակ գայլը» եղել է կրակահերթ արձակողներից մեկը։

Արայիկ Խանդոյանի վիրավորվելու փաստը հաստատել է նաեւ զինված խմբի համակարգողներից Վարուժան Ավետիսյանը, որը սակայն կատարվածի այլ վարկած է ներկայացրել. ՊՊԾ գնդի տարածք անօդաչու սարք է թափանցել, Արայիկ Խանդոյանը մոտեցել է պարզելու՝ ինչ են նետում դրանից՝ կասկածելով, որ պայթուցիկ կարող է լինել, այդ պահին էլ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից։

Արայիկ Խանդոյանն այժմ գտնվում է գնդի տարածքում, պարզ չէ, թե ինչ վիճակում։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նրան օգնություն են ցուցաբերում գնդի տարածքում պատանդ պահվող բուժաշխատողները։ Փաստորեն, զինված խմբի հանրությանը հայտնի երեք առաջնորդներից երկուսն այս պահին վիրավորված են։

Ժամը 19։00–ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու վիրավոր։ Արայիկ Խանդոյանը նրանց մեջ չէ։ Ըստ ոստիկանության՝ Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը վիրավորվել են այսօրվա փոխհրաձգության ժամանակ։ Ի դեպ, Արթուր Մելքոնյանը զինված խմբի այն անդամն է, որի հետ հեռախոսազրույցն էր օրերս հրապարակել Ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ ձայնագրությունում լսվում է՝ ինչպես է մի տղամարդ հեռախոսով ծանոթին պատմում, որ իրեն խաբեությամբ են բերել ՊՊԾ գունդ եւ պահում են այնտեղ հարկադրաբար։

Այսպիսով, զինված խմբի վիրավորված եւ գնդի տարածքից դուրս բերված անդամների թիվը 6–ն է։ Նրանցից երեքը «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխվել։ Փաստաբանները դժգոհում են, որ նրանց պահում են վատ պայմաններում, խոսքը մասնավորապես սանիտարահիգիենիկ վիճակի եւ բուժաշխատողների վերաբերմունքի մասին է։ Ահազանգից կարճ ժամանակ անց Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ Պավլիկ Մանուկյանի որդին տեղափոխվեց կարանտինային բաժանմունք, որտեղ, իրենց խոսքով, պայմաններն ավելի բարվոք են։ Ձերբակալված Ալեք Ենիգոմշյանը նույնպես դժգոհ է բանտախցի պայմաններից։ Նրա փաստաբանն ահազանգում է, որ հաշմանդամություն ունեցող Ենիգոմշյանի համար դրանք խիստ անբարենպաստ են։

Ի դեպ, այն մասին, թե ինչպես է Ենիգոմշյանը ժամանակին վիրավորվել, կորցրել տեսողությունը եւ ձեռքը, այսօր խոսել է «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ, ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։ Նա նշել է, որ 1980թ.–ին Ժնեւի հյուրանոցներից մեկում Ենիգոմշյանի ձեռքում պայթած ռումբի հասցեատերը բոլորովին էլ թուրքական դեսպանատունը չի եղել։

Խորենացի փողոցից բերման ենթարկվելուց հետո Արսինե Խանջյանն առաջին ասուլիսն է տվել լրագրողներին։ Դերասանուհին պատմել է՝ ինչպես են իրեն բերման ենթարկել եւ ինչպես են վերաբերվել ոստիկանությունում։

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ՊՊԾ գնդի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորումները։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ հայտնաբերվել եւ կալանավորվել են զինված խմբին օժանդակություն ցույց տվող նոր անձինք։ Նրանցից մեկը ոմն Մ. Մ. ԱԱԾ տվյալով պլանավորել էր հուլիսի 24–ին հավաքի մասնակիցներին դրդել բռնությամբ ճեղքել ոստիկանական պատնեշը, միանալ զինված խմբին եւ զինվել։   

Միաժամանակ այսօր ազատ է արձակվել «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Երեկոյան նա կրկին Ազատության հրապարակում էր։

Եվրոն թանկացել է, իսկ մյուս հիմնական արտարժույթները ՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.11, եվրոյինը՝ 528, ֆունտինը՝ 627 դրամ:

Երեւանում հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ի, իսկ վաղը ցերեկը՝ +34-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ