News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդեն 14-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան թեժ բախումներ են տեղի ունեցել Սարի թաղում եւ Խորենացի փողոցում:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռերից» երեքը վիրավորվել են, այդ թվում Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»: Նրանցից երկուսին՝ Արթուր Մելքոնյանին եւ Արմեն Լամբարյանին տեղափոխել են հիվանդանոց:

Երեկոյան Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, սակայն բազմությունը անսպասելիորեն փոխել է ճանապարհն ու Նարդոսի փողոցից մտել է Սարի թաղ։ Մի փոքր խումբ ոստիկաններ փորձել են պատ կազմել, սակայն ցուցարարները ճեղքել են փոքր խմբին եւ առաջ են շարժվել:

Երթը հասնելով Սարի թաղ, նկատել է, որ ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են հնչում։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, թե ոստիկանները գործողություն են սկսել գնդի տարածքում։ Ոստիկանությունը արագ վերադասավորվել եւ մեծ ուժեր է կենտրոնացրել Սարի թաղի հատվածում։ Նրանք անակնկալ մոտեցել են եւ սկսել են հատուկ միջոցներ նետել ցուցարարների մեջ։ Նետվել են նաեւ քարեր։ Սարի թաղում ոստիկանների գործողությունները համակարգում է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը։

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե ոստիկանության քաղաքացիական հագուստով սադրիչներն են կռիվ հրահրել։

Իրավիճակը թեժ է եղել նաեւ Խորենացի փողոցում։ Հավաքված բազմությունը թույլ չի տվել ոստիկանական ավտոբուսներին անցնել առաջ։ Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը դիմելով ցուցարարներին՝ հայտարարել է, թե հավաքն անօրինական է եւ կոչ է արել դադարեցնել այն։

Այնուհետեւ ոստիկանությունն անցել է գործողության, բախումներ են սկսվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Ոստիկանները զգուշացումներից անմիջապես հետո ծխանռնակներ են նետել։ Իրավապահները սկսել են մարդկանց բերման ենթարկել։

Ոստիկանները նաեւ ճանապարհը փակելով առաջ են շարժվել՝ ազատելով փողոցը։

Այդ ընթացքում իրավիճակն էլ ավելի է լարվել Սարի թաղում եւ նոր բախումներ են սկսվել: Ոստիկանները բերման են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, որը նրանց հետ պարզապես բանակցում էր։

Ոստիկանները ծխանռնակներ են նետել ցուցարարների վրա։ Տարածքում նաեւ հրդեհ է բռնկվել, թերեւս այդտեղից անցնող գազատարի վրա։

Ցուցարարները փորձում են կազմակերպված ձեւով նահանջել։ Կան բազմաթիվ տուժածներ։ 

Խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, արգելել նրանց տեսագրություններ կատարել։ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ իր նկարահանող խմբի անդամներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը ծեծի են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը, վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը:

Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաեւ Լրագիր.am-ի օպերատորը։ Ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:

Ցուցարարներին ցրելիս կոտրել, ապա հափշտակել են NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը: Քաղաքացիական հագուստով անձինք, որոնք դուրս են եկել ոստիկանների թիկունքից եւ զինված էին ոստիկանական մահակներով, նաեւ փորձել են ուժ կիրառել NEWS.am-ի թղթակցի նկատմամբ:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երբ մի խումբ փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն եւ ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով եւ ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հայտնել է, որ գիշերը ժամը 2-ի դրությամբ, Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, նախնական տվյալներով, շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի՝ 17-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են, մյուսի մոտ այրվածքներ են:

Ծանր է գնահատվում նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ