News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» հետ բանակցությունների, Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման պայմանավորվածության շուրջ խոսակցությունների, ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածների հետ հանդիպման մասին NEWS.am–ը զրուցել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ։

Պարոն Բալասանյան, ինչպե՞ս որոշվեց, որ հենց Դուք պիտի ստանձնեք միջնորդի դերը իշխանությունների եւ «Սասնա ծռերի» միջեւ:

Երբ մենք լուրը ստացանք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Մենք երեկոյան հանդիպումներ ունեցանք: Նախագահի այցի շրջանակը հետեւյալն էր՝ հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի, շարժման ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել, թե ինչպես ենք տեսնում ղարաբաղյան հարցի լուծման ուղիները, մենք տեսակետներ էինք հայտնում: Որեւէ որոշում ընդհանրապես չի կայացվել: Հավաստիացնում եմ բոլորին, կարող եմ ասել որպես մարդ, որը ունի անցած ճանապարհ, մենք Սերժ Սարգսյանի հետ պատերազմի օրերին լուրջ պաշտոններ ենք զբաղեցրել, որեւէ խոսակցություն չի եղել տարածքների հանձնման վերաբերյալ:

Առավոտյան Սերժ Սարգսյանը պետք է մեկներ։ Երբ լուրը ստացանք, ես անձամբ Բակո Սահակյանի միջոցով տեղյակ պահեցի, որ ցանկություն ունեմ ներկայանալ Երեւան եւ «Սասնա ծռերի» հետ բանակցել: Սերժ Սարգսյանը հրաժարվեց, ասաց՝ թող, մենք լուծումը կտանք: Եվս երկու օր սպասեցի, զանգեցի անձամբ Սերժ Սարգսյանին, ասացի՝ պատրաստ եմ եւ չեմ կարող ձեռնպահ մնալ, քանի որ ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, ես էլ հայ ժողովրդի մի մասնիկն եմ, իրավունք չունեմ ընդհանրապես ձեռնպահ մնալ:

Եկա, հանդիպեցի նախագահին: Ճիշտն ասած, ինձ հասած ինֆորմացիան այնքան էլ ստույգ չէր, եւ նախագահ Սարգսյանը տվեց համապատասխան ինֆորմացիան: Նախագահի հետ քննարկեցի իմ լիազորությունների շրջանակները, ճշտումներ մտցնելուց հետո հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի հետ, լսեցի Սեֆիլյանին, նրա առաջարկությունները: Կետ առ կետ կա դա գրանցված, գրավոր իմ մոտ: Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից, հստակ ասեմ՝ այո: Ժիրայր Սեֆիլյանն ասել է՝ այս պահի դրությամբ ես հրաժարվում եմ եւ չեմ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ կա առաջարկությունը: Առաջին կետը՝ ինձ անհապաղ ազատ արձակել եւ խափանման միջոցը փոխել: Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ եւս մի քանի հարց: Ես այնուհետ խոստացա Ժիրայր Սեֆիլյանին եւ ներկայացրեցի նախագահին: Հանրապետության նախագահն ընդունել է բոլոր առաջարկությունները, ուշադիր լսել է, որեւէ պատասխան չի տվել, ասել է՝ ես կքննարկեմ եւ պատասխան կտամ: Հանրապետության նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ես պատրաստ եմ ընդունել Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետեւ, ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել: Հանրապետության նախագահը ընդունել էր այդ կետերը եւ պատրաստ էր ցանկացած հարց քննարկել:

Հենց այդ կետերի հետ կապված էլ Ձեր հայտարարությունից հետո եւ Ենիգոմշյանը, եւ Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին, որ Դուք այլեւս բանակցող չեք: Կպարզաբանեք՝ ի՞նչ էր տեղի ունեցել, եւ ի՞նչպես եղավ, որ ավելի ուշ կրկին ստանձնեցիք միջնորդի դերը։

Նախ ասեմ, որ երկրորդ անգամ երբ հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանին, ներկա էին Ալեք Ենիգոմշյանը, հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ընդհանրապես նման խոսակցություն չի եղել: Ալեք Ենիգոմշյանը իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել: Երեւի մի պարզ պատճառով, դիվիդենտներ շահելու, որպեսզի միտինգավորների թիվը ավելանա, եւ միտինգավորները, այսպես ասած, չթողնեն դաշտը:

Ինչ վերաբերում է բանակցություններից դուրս գալուն, թող գաղտնիք չլինի, ես մեկ րոպե չեմ բացակայել: Ասեմ, թե ինչու եմ ջղայնացել այդ օրերին, երբ պայմանավորվեցինք, որ լրատվամիջոցները ներկայանային, մենք գծել էինք այն կարմիր գիծը, տեղանքն էինք որոշել, անձամբ ես էի որոշել՝ համաձայնեցնելով եւ իշխանությունների, եւ զինված խմբի տղաների հետ: Բայց խախտվեց, եւ մեր լրատվամիջոցների սխալն էլ էր: Այնուհետեւ սկսեցին այդ կրակոցները, կադրերում տեսաք՝ ինչպես էի կանչում, ընդհուպ գոռում: Տղաներին հարց տվեցի, ասացի, որ դուք խախտել եք, էլ չեմ գալու ձեզ մոտ, բանակցությունները իմ մասով կտրում եմ, այնքանով մինչեւ դուք ուժ կգտնեք, ներողություն կխնդրեք, ես կգամ բանակցությունների:

Ուզում եմ ավելին ասել, որ աշխարհում չի եղել որեւէ դեպք, երբ զինված մարդիկ գրավեն մի տարածք, առավել եւս զորամաս, այնտեղ կատարվի սպանություն, վիրավորներ ունենանք, եւ դրանից հետո երկրի իշխանությունները սնունդ եւ բժշկական օգնություն ուղարկեն: Շատ հումանիտար են վերաբերվել մեր իշխանությունները: Այնտեղ էլ մեր հայերն են, մեր ժողովուրդն են, եւ նախագահը կարողացավ սառնասրտորեն վերաբերվել, տաք որոշում չկայացրեց: Եվ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Ենթասպայի սպանությունը, որը սարսափելի է: Բայց փառք Աստծո, ըստ իս, մենք շատ լավ դուրս եկանք, ի շնորհիվ մեր ժողովրդի, մեր իրավապահ կառույցների, մեր նախագահի, ի շնորհիվ զինված խմբի տղաների խոհեմության: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Բոլորը պատրաստ էին, որ րոպե առաջ մենք արյունահեղությունից զերծ մնանք: Չհաշված մի քանի հոգու: Այնպես որ ես գտնում եմ՝ մեր ժողովուրդը միշտ խոհեմ է եղել, միշտ սթափ է եղել, մենք որեւէ հարցի իրավունք չունենք զինված լուծում տանք:

«Հիմնադիր խորհրդարանի» հրապարակեց հեռախոսազրույցի ձայնագրություն՝ որպես ապացույց այն բանի, որ դուք խոստացել եք, որ զենքերը վայր դնելու դեպքում Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանի հետ։

Նորից եմ կրկնում, դա ամսի 20-ի խոսակցությունն է, իսկ այն ձայնագրությունը, որը մոնտաժված է եւ տվել են ԶԼՄ-ներին, որ հուլիսի 29-ի մասին է, իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։

Զինված խմբի որոշ անդամների փաստաբաններ ահազանգում են իրենց պաշտպանյալների հանդեպ վատ վերաբերմունքի մասին, մասնավորապես, «Դատապարտյալների հիվանդանոցում» ոչ պատշաճ բուժօգնության, նաեւ փաստաբանների եւ նրանց պաշտպանյալների միջեւ հանդիպումները խոչընդոտելու փորձերի մասին։ Դուք որոշ իմաստով հանդես եք եկել որպես օրինականության ապահովման երաշխավոր: Տեղյա՞կ եք կալանավորվածների պահման պայմաններին:

Ովքեր նման հայտարարություններ են անում, ես պատրաստ եմ օրվա ցանկացած ժամի, իրավապահների թույլտվությամբ իրենց հետ այցելել, ընդհուպ «Դատապարտյալների հիվանդանոց», այցելել կալանավայրեր, եւ թող ինձ ապացուցեն: Ես երեկ անձամբ եղել եմ «Դատապարտյալների հիվանդանոցում», հանդիպել եմ բոլոր վիրավորներին, կարող եմ ասել, կան հիվանդասենյակներ, որտեղ Արամ եւ Պավել Մանուկյաններն են, հանրապետության որեւէ հիվանդանոցում այդպիսի լավ վիճակի հիվանդասենյակ չկա:

Բոլոր վիրավորները գոհ են, շնորհակալ են անձնակազմից: Շնորհակալություն են հայտնել իշխանություններից, իրավապահ մարմիններից, որ մենք վերջապես զերծ մնացինք հերթական արյունահեղությունից: Ինչքան վիրավոր կա՝ Արամ Մանուկյան, Պավել Մանուկյան, Արմեն Լամբարյան, Թաթուլ Թամրազյան, Աշոտ Պետրոսյան, բոլորին անձամբ եմ հանդիպել, որեւէ խնդիր չկա: Ընդհուպ այսօրվա դրությամբ, իշխանությունների հրահանգով ՔԿՀ պետի հետ խոսել ենք, լինելու են հերթական վիրահատություններ, եթե մասնագետների խնդիր ունենան, Առողջապահության նախարարությունը պատրաստ է հրավիրել դրսից:

Եղել եմ «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներում, հանդիպել եմ Արայիկ Խանդոյանին, Թորոս Թորոսյանին, Արեգ Կյուրեղյանին: Նորմալ է ամեն ինչ: Եվ ավելին ասեմ՝ նրանք էլ են շնորհակալություն հայտնել: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնել բոլորին, վերջում իրենք կարողացան իրենց խոհեմ պահել եւ զերծ մնալ արյունահեղությունից: «Վարդաշենում» հանդիպել եմ Վարուժան Ավետիսյանին եւ Մխիթար Ավետիսյանին: Կրկին նորմալ վիճակում են, որեւէ կտտանքների չեն ենթարկել, այնտեղ որեւէ մեկը որեւէ բառ չի ասում: Բոլորը ապշած են, որ նման վերաբերմունք կա:

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել իրավապահ մարմիններին, մենք տեսանք, երբ զինված խումբը զենքերը վայր էր դնում, աշխարհում եզակի դեպք էր՝ հանգիստ, հանդարտ, առանց բռնությունների: Որեւէ մեկը գերու պես ձեռքերը չբարձրացրեց: Թող աշխարհն օրինակ վերցնի: Այս պահի դրությամբ ես բոլորի հետ հեռախոսազրույցներ եմ ունեցել, զանգել բոլորի տները իրենց ներկայությամբ,  տղաները խոսեցին իրենց ընտանիքների հետ:

Իրականությանը չհամապատսխանող լուրերը խնդրում եմ չտարածել: Շատ վտանգավոր է, երբ միտինգավորներին ոմանք կոչ էին անում միանալ ապստամբ կամ, չգիտեմ, զինված խմբին, եւ հերոսացնում էին այդ տղաների արարքը: Դա շատ վտանգավոր է մեր երկրի համար: Մենք դրան արժանի ժողովուրդ չենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ