News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մայրը որդու հաղթական գոտեմարտը չի դիտել: Ինչպես ինքն է ասում, որդու մարտերն առհասարակ չի դիտում:

«Տղայիս գոտեմարտերը չեմ նայում, շատ եմ հուզվում, հետո երբ արդյունքն իմանում եմ, սիրտս հանգստանում է: Առհասարակ, Արթուրի մարտերը հեռուստացույցով չեմ դիտում: Ինձ համար որդուս հաջողությունները երջանկությունից էլ վեր են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանի մայրը՝ տիկին Շողիկը՝ հավելելով, որ որդուն խոստացել էր լրատվամիջոցներին հարցազրույց չտալ:

Քչախոս է նաեւ Արթուրի եղբայրը. Ռաֆայելը նախօրեին եղբոր գոտեմարտին հետեւել է Գյումրիի Վարդանանց հրապարակում: Նա հրաժարվել է զրուցել լրագրողների հետ եւ գոտեմարտից առաջ, եւ հետո:

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի հետ Ռիոյում նրա հայրն է, որը NEWS.am Sport-ի հետ զրույցում մարտից անմիջապես հետո ասել էր, թե երջանիկ է, որ օլիմպիական չեմպիոնի հայր է

Հիշեցնենք, որ 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ