News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռիո-2016-ի ծանրամարտի մրցաշարի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի տանն այս օրերին սեղանը չեն հավաքում։  Սիմոնի հաղթանակից հետո հյուրերի հոսքը չի դադարում։ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում բնակվող Մարտիրոսյաններին ամեն օր շնորհավորելու են գալիս  հարազատներն ու  համագյուղացիներն: Ամենից շատ տիկին Լուսինեն սպասում է փոխչեմիպոն որդու վերադարձին։

«Ես ընդհանրապես չեմ նայում իր մրցումները, անընդհատ լարվում եմ, վախենում եմ նրա համար: Բայց այս անգամ նստած նայում էինք, ու ներքուստ զգում էի, որ Սիմոնս հաղթելու է: Չեմ կարող բացատրել՝ ինչ զգացի այդ պահին. հուզմունք, հպարտություն, միանգամից շամպայն բացեցինք, բարեկամներս եկան, շնորհավորեցինք, ուրախացանք ու մինչեւ այսօր էլ գալիս են շնորհավորելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիմոնի մայրը։

20-ամյա Սիմոնը ծանրամարտով սկսել է զբաղվել դեռ 13 տարեկանից, մայրը դեմ է եղել, որ որդին այդ ճանապարհով գնա. վախենում էր տղայի առողջության, անվտանգության համար: Սակայն որդին իր որոշման մեջ վճռական է եղել եւ իր աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ տարիների ընթացքում ապացուցել իր որոշման ճշմարտացիությունը։

Սիմոնի կրտսեր եղբայրը՝ Արսենը, որը նույնպես ծանրամարտիկ է, պատմում է, որ հարեւան Ջրառատ գյուղում գտնվող մարզադպրոց ավագ եղբոր՝ Սիմոնի հետ է պարապմունքների այցելում եւ հենց նրանից էլ սովորում հաջողությունների հասնելու շատ գաղտնիքներ. «Ես իրենից շատ բան եմ սովորել, ինքն իմ համար միշտ օրինակ է եղել: Հիմա, իր հաղթանակից հետո հպարտություն, հուզմունք եմ ապրում, հպարտ եմ, որ ինքն իմ եղբայրն է: Գիտեմ, որ նա Ռիո ոսկե մեդալի համար էր գնացել, բայց արծաթե մեդալ վերցրեց, բայց հաջորդ անգամ հաստատ ոսկե մեդալ կստանա»:

Մարզադպրոցը, որտեղ պարապում են Սիմոնն ու Արսենը, գտնվում է շատ վատ վիճակում. անգամ առաջին անհրաժեշտության տարրական պայմաններ չկան կիսակառույց, մութ, սառը ու գորշ սենյակում: Մեզ հետ զրույցում Սիմոնի մարզիչ 52-ամյա Աշոտ Փիլոսյանը, հպարտությամբ է նշում՝ անգամ այս պայմաններում իր մարզիկները կարողանում են միջազգային հարթակներում փայլուն հաջողությունների հասնել:

«Ինչ ասեմ, այստեղ ոչ մի պայման չկա, ոչ գազ կա, ոչ հատակ, ոչ ծանրաձողեր, ոչ էլ բաղնիք, որ մարզվելուց հետո կարողանան լողանալ: Բայց անգամ այս պայմաններում Սիմոնն իր աշխատասիրության շնորհիվ կարողացավ հասնել բազում հաղթանակների: Ես միայն հպարտանում եմ նրանով»,-ասաց նա:

Նշենք, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճողներից է: Ծանրամարտի մրցաշարի 105 կգ քաշային կարգում 19-ամյա Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ