Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Գարիկ Առուստամյանի փաստաբանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերաքննիչից պահանջելով փոխել նրա խափանման միջոցը:
Փաստաբանը՝ Զորայր Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումն անհիմն է համարում:
«Կալանավորման որոշոմը կապ չունի իրականության հետ: Խափանման միջոց ընտրելու համար պարտադիր նախատեսված ոչ մի հիմքերից մեկը չկա, որ կարող է խուսափել նախաքննական մարմնից, կատարել նոր հանցագործություն: Անհնար , որ նախաքննական մարմինն ապացուցի որեւէ հիմքի առկայությունը»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանի խոսքով՝ Գարիկին մեղսագրվում է անկարգությունների ժամանակ բռնի գործողություններ կատարելու արարք, այնինչ միջադեպը եղել է «անկարգություններ» կոչված գործողություններից 40 րոպե հետո:
Ըստ պաշտպանի՝ մեղադրանքը թերի է, գործով անցնող բոլոր անձանց նույն արարքն է մեղասգրվում:
Գարիկը, պաշտպանի խոսքով, պատահաբար մեքենայով ընթացքի ժամանակ թեթեւ վնասվածքներ է հասցրել ոստիկաններին, որոնք հարվածել են մեքենայի դռներին, ապակիներին, կոտրել դրանք: Գարիկի դեմ հարուցված քրեական գործով արդեն 3 ոստիկան է ընդգրկված որպես տուժող:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակվող Գարիկը ընկերոջ հետ գնացել էր Սարի թաղ՝ քրոջը տուն բերելու, երբ հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում: Ընկերը՝ Պետրոս Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տվել մեքենայով դուրս գալ Սարի թաղից, դուրս են բերել մեքենայի միջից, ծեծի ենթարկել թե իրենց երկուսին, թե Գարիկի քրոջը, ինչից հետո Գարիկը երկու օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում, ապա կալանավորվել: Նրան վնասվածքներ հասցրած ոստիկանները դեռ չեն բացահայտվել:
Գարիկ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով: