News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բեռլինի հասարակական տրանսպորտի համակարգը եվրոպական մայրաքաղաքների շարքում լավագույններից մեկն է: Մեզ համար սովորական մետրոյից (U-bahn) եւ ավտոբուսներից բացի, ուղեւորներին սպասարկում են նաեւ էլեկտրագնացները, իսկ լճերի եւ գետերի վրա՝ լաստանավերը: Արդեն նախկին Արեւելյան Բեռլինում պահպանվել է նաեւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից ժառանգություն մնացած տրամվայների երթեւեկությունը: Տրամվայներն, իհարկե, ժամանակաից են եւ բավական հարմարավետ:

Քաղաքային S-Bahn էլեկտրագնացների համակարգում կա 15 ուղեգիծ՝ 166 կայարաններով: Բեռլինի այցելուների համար էլեկտրագնացներն, իհարկե, ավելի գրավիչ են «ստորգետնյա» մետրոյից: Գնացքները երթեւեկում են քաղաքի գեղատեսիլ թաղամասերով, երթուղիների մի մասն անցնում է լճափերի մոտով, նաեւ քաղաքի ծայրամասերում գտնվող անտառների միջով:

Ի՞նչն է առաջին հերթին զարմացնում, օրինակ, Հայաստանից Բեռլին այցելողներին: Տրանսպորտի աշխատանքի ճշգրտությունը եւ անշուշտ՝ հարմարավետությունը: Օրինակ՝ էլեկտրագնացները «պիկ» ժամերի միջակայքում աշխատում են փոքր ընդմիջումներով, չնայած վագոնները երբեմն գրեթե դատարկ են:

Հանրահայտ է, որ Բեռլինի հասարակական տրանսպորտը (ինչպես նաեւ Գերմանիայի մյուս քաղաքներում) ճշգրիտ ժամերով է աշխատում: Հանուն արդարության նշենք, որ չնայած շատ հազվադեպ, ուշացումներ, այնուամենայնիվ, լինում են՝ սովորաբար հաշված րոպեներով:

Ավտոբուսների հիմնական կանգառներում վահանակներ են տեղադրված, որոնց վրա նշված է տրանսպորտի մոտենալու ժամը: Նույնպիսի վահանակներ կան նաեւ էլեկտրագնացների եւ մետրոյի կայարաններում:

Բեռլինում տրանսպորտի սակագները բազմազան են: Տոմսերը միասնական են տրանսպորտի բոլոր տեսակների՝ ներառյալ լաստանավի համար: Ուղեվարձը տարբերակվում է ըստ ժամերի (2 ժամվա, օրվա, շաբաթվա, ամսվա համար), քաղաքի գոտիների (Բեռլինում երեք գոտի կա՝ A, B եւ C): Մեր չափանիշներով տրանսպորտը թանկ է: Սակայն հաշվի առնելով եկամուտների ահռելի տարբերությունը, գերմանացիների համար ուղեվարձը միագամայն ընդունելի է:

Բեռլինում գործում է հետեւյալ սկզբունքը՝ որքան երկար է ուղետոմսի գործողության ժամկետը, այնքան ուղեվարձը համեմատաբար էժան է: Օրինակ՝ երկօրյա գործողության տոմսի համար հարկ է 19,5 եվրո վճարել (այսինքն՝ մեկ օրվա համար՝ 9,75 եվրո): Իսկ ահա տրանսպորտի բոլոր տեսակների ամսական տոմսը, որ գործում է AB գոտիներում առավոտվա «պիկ» ժամից հետո, արժե «ընդամենը» 59,1 եվրո կամ օրական՝ միջինը 1,9 եվրո:

Կան հիմնականում զբոսաշրջիկների համար նախատեսված ուղետոմսեր: Այդպիսի տոմսի առկայությունը թույլ է տալիս, այսպես կոչված, Թանգարանային կղզում օգտվել թանգարանների զեղչված տոմսերից: Զբոսաշրջիկների համար նաեւ հատուկ զբոսաշրջային երթուղի կա, որոնցով երթեւեկում է «հնաոճ» ձեւավորված երեք ավտոբուս:

Հավելենք, որ տրանսպորտի մի մասն աշխատում է գիշերային ժամերին, ըստ որում՝ ավտոբուսների եւ տրամվայների վերգետնյա երթուղիները կրկնում են մետրոյի ուղեգիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ