News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Ողջունելով եւ շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է, որ գոյության 14 տարիների ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել հազարավոր երիտասարդների Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: «Այս եռամիասնությունն ամրապնդում է մեր պետականությունը եւ նպաստում ազգային արժեքների ու գաղափարների տարածմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես  իր ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդության հարցերը: Ներդրված եւ իրականացվող ծրագրերի նպատակն է ոչ միայն լուծել խնդիրները կարճաժամկետ հեռանկարում, այլեւ ստեղծել կայուն հիմքեր եւ ապահովել երիտասարդության համակողմանի զարգացման համար նպաստավոր պայմաններ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ներկայիս համաշխարհային քաղաքական եւ տնտեսական գործընթացները լայնածավալ խնդիրներ են առաջադրում, որոնք սրընթաց տարածվում ու մեծ ազդեցություն են գործում: Վարչապետի խոսքով՝ այդ մարտահրավերներին դիմակայելու գործում մեծ է նաեւ երիտասարդների դերը, քանզի հզոր է այն ազգը, որի երիտասարդը մտահոգ է իր երկրի ապագայով, կրթված է եւ նպատակասլաց: ««Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի անցկացմամբ մենք հերթական անգամ կընդգծենք ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով օժտված երիտասարդների համախմբման կարեւորությունը, ինչը  նպաստում է մեր պետության հետագա զարգացմանը: Յուրաքանչյուր նման հայանպաստ, ազգանվեր ծրագիր էլ ավելի է ամրապնդում Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը եւ նպաստում հայ ազգի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը»,- ընդգծել է վարչապետը՝ հավաքի մասնակիցներին մաղթելով հաջողություն եւ նորանոր ձեռքբերումներ:

Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, արտաքին տնտեսական կապերին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթության, գիտության եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

«Բազե» ամենամյա հավաքին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, իսկ ճակատները 15-ական ջոկատներից: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցելու են ինտելեկտուալ, մշակութային եւ սպորտային մրցույթներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ