Ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել ԼՂ հարցով, եթե խոսք չկա փոխզիջումների մասին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, անհասկանալի է Հայաստանում տարածված «էյֆորիան» այն մասին, որ հայկական կողմը չպետք է գնա զիջումների եւ որդեգրի «ոչ մի թիզ հող» սկզբունքը: «Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջեւ է հայտնվել, եւ այստեղ պետք է հաղթի միայն սթափ միտքը»,-նշել է Մանուկյանը:
Հարցին՝ որքանով է տեղին խոսել հայկական կողմի փոխզիջումների պատրաստակամության մասին, երբ Ադրբեջանը կոշտ դիրքորոշում է որդեգրել, ՀԱԿ պատգամավորն արձագանքել է. «Ադրբեջանը միշտ կոշտ դիրքորոշում է ունեցել, պարտված կողմը չի կարող այլ դիրքորոշում ունենալ, սակայն դա միայն ադրբեջանական կողմի խոսակցության ոճն է, «հաչող շունը կծան չի լինում»: Միշտ հիշեք՝ նրանք խոսում են, մենք՝ գործում»: