News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տեղի է ունեցել հազվադեպ դեպք՝ Իրանն իրեն թույլ է տվել Ռուսաստանին քննադատել, երեքշաբթի օրը գրել են բրիտանական լրատվամիջոցները: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:

Թեհրանին տհաճ է եղել այն հանգամանքը, որ իրենց ռուս դաշնակիցները «սկսել են հրապարակավ ցուցադրել» այն փաստը, թե իրենք միակն են, որ 1979 թվականից հետո Իրանի տարածքում ռազմական ներկայություն ունենալու թույլտվություն են ստացել, գրում է Daily Telegraph-ը:

Անցած շաբաթ Ռուսաստանը հայտարարել էր, որ իր Տու-22 եւ Սու-34 ռմբակոծիչները դեպի Սիրիա մարտական թռիչքներ են իրականացրել Իրանի Համադան ռազմական օդանավակայանից: «Այս տեղեկության հրապարակման մեջ ինչ-որ ցուցադրականություն է տեղ գտել, դա չկշռադատված քայլ էր»,- Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին մեջբերել է DT-ն:

Դրանից կարճ ժամանակ անց Իրանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ ռուսական ավիացիան Համադանն այլեւս չի օգտագործում իր ռազմական խնդիրները լուծելու համար: «Ռուսաստանն Իրանի տարածքում ո՛չ բազա ունի, ո՛չ ռազմական տեխնիկա: Այդ գործողությունը ժամանակավոր էր, եւ այն ավարտվել է»,- Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիի խոսքն է փոխանցել Financial Times-ը:

Այն լուրերը, թե Իրանը Ռուսաստանին է տրամադրել իր ավիաբազաները, Արեւմուտքին զարմացրել էին եւ ստիպել վերստին հավատալ Մերձավոր Արեւելքում Մոսկվայի ազդեցության ուժգնացման մասին, շարունակում է FT-ը:

Մոսկվայի հետ իր բարեկամությունը երբեք չթաքցնող Իրանին հանկարծ թվացել էր, թե ռուս գործընկերները իրենց կոպիտ եւ խորամանկ են պահել: «Ռուսները շահագրգռված են ցույց տալու, որ գերտերություն են, որը կարող է անվտանգության ոլորտի իրավիճակի վրա ազդեցություն ունենալ: Նրանք ցանկանում են ցուցադրել, որ Սիրիայի հակամարտությունում մեծ դերակատարում ունեն, որպեսզի հետո ԱՄՆ հետ բանակցություններում Սիրիայի քաղաքական ապագայի հարցում իրենց համար ձայնի իրավունք ապահովեն»,- դժգոհել է Դեղհանը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, որ բոլոր հարցերի պատասխանները հարկ է փնտրել համաձայնագրի մասնակիցների մոտ, այսինքն՝ Իրանի եւ Ռուսաստանի. «Միայն նրանք կկարողանան բացատրել՝ ինչու են այնպիսի որոշումներ ընդունում, ինչպիսին ընդունում են»:

Հանրության սեփականությունը դարձած Մոսկվայի եւ Թեհրանի գործարքը դժգոհության ալիք է հարուցել մեծ թվով շարքային իրանցիների, նաեւ խորհրդարանականների շարքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ