Շուկայում, որտեղ աշխատում են ծագումով ադրբեջանցիները, փոխհրաձգություն է տեղի ունեցել: ԱՊԱ-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի բանջարեղենի շուկայում:
Ականատեսները հայտնել են, որ շուկայում առավոտյան ժամերին կրակոցներ են հնչել: «Շուկայի առեւտրականներից մեկը տրավմատիկ զենքից կրակել է մյուսի ոտքին: Ներկայումս ոչ մեկին թույլ չեն տալիս տարածքը լքել: Դեպքի վայրում են ՄՀՆՋ (ՕՄՕՆ) եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները»,- ասել են ականատեսները:
Տեղի ունեցածի հետ կապված Սանկտ Պետերբուրգի ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկատվություն է տարածել, որի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին: Առեւտրականներից մեկը տրավմատիկ ատրճանակից կրակել է մյուս ոտքին եւ փախուստի դիմել: Նախնական տեղեկություններով՝ վեճը ապրանքը կիսելու պատճառով է առաջացել:
Նշենք, որ այս տարվա հունիսին բանջարեղենի շուկայում էլի էին արձանագրվել հրազենի կիրառմամբ վեճի դեպքեր: Երկու ադրբեջանցիների միջեւ առաջացած միջադեպի հետեւանքով զոհվել էր մեկ մարդ: