Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի դեմ եւս մեկ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Թողրուլ Բաբաեւը, փոխանցում է Report-ը:
Բաբաեւի խոսքով, այդ տեղեկությունը Ինսանովի փաստաբաններին հայտնել են նախորդ գիշերը Ղարադաղի շրջանային դատախազությունից. «Դեռեւս մեզ անհայտ է, թե որ հոդվածով է քրեական գործ հարուցվել. Դատախազության աշխատակիցները ներսում են, իսկ մենք պետք է տեղեկությունների սպասենք դրսում»:
Նշենք, որ Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը կալանավորվել է 2005-ի հոկտեմբերին: Նա մեղադրվում էր պետական միջոցները յուրացնելու եւ պետական ակտիվների ապօրինաբար սեփականաշնորհում կազմակերպելու մեջ: 2007-ի ապրիլին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ Ինսանովը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի առգրավմամբ եւ երեք տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկմամբ: