News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում առկա է հասարակական մտածողության փոփոխությունների անհրաժեշտություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն տիկին Դեբորա Գրիսերի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, ողջունելով  հյուրերին` շնորհավորել է Դեբորա Գրիսերին եւ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել  Հայաստանում իրենց առաքելության մեջ: Լեւոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում USAID-ի ծավալած գործունեության` մասնավորապես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցության մակարդակը: «Ամերիկյան մի քանի ծրագրեր կան, որոնք ինձ համար կարեւոր են ինչպես կրթության, այնպես էլ` քաղաքական առումով, խոսքը վերաբերում է «Խաղաղության կորպուսի» հետ համագործակցությանը, որի գաղափարախոսության մեջ ամփոփված է ամերիկյան ժողովրդի ավանդական  հանդուրժողական եւ բազմաբեւեռ մտածողությունը: Վերջերս ծանոթացա նաեւ "Դասավանդիր Հայաստան" կազմակերպության գործունեությանը, որի գաղափարախոսության հիմքը եւս ամերիկյան մտածողոթյունն է:  Խորապես համոզված եմ, որ Հայաստանում առկա է առաջին հերթին հասարակական  մտածողության փոփոխությունների անհրաժեշտությունը եւ վստահ եմ, որ այս ուղղությամբ շատ ծրագրեր համատեղ կյանքի կկոչենք", -նշել է Լեւոն Մկրտչյանը:

Նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է կրթության համակարգի  կարեւոր մարտահրավերները` մասնավորապես առանձնացնելով հանրակրթության եւ բուհական համակարգերի բարեփոխումները: Հանրակրթության համակարգում նախարարն առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների պահպանման խնդիրը: Այս համատեքստում նախարար Մկրտչյանը կարեւորել է փոքր դպրոցների պահպանման հայեցակարգի մշակումը:  Անդրադառնալով բարձրագույն կրթության բարեփոխումների անհրաժեշտությանը` նախարարն ընդգծել է այդ գործընթացում կրթության որակի ապահովման գործոնը: Նա շեշտել է համալսարանական կրթության ինքնավարության բարձրացման հարցը` ընդգծելով  կառավարման խիստ կենտրոնացված լինելու հանգամանքը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը  քայլեր է ձեռնարկում նաեւ հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում` փորձելով  բեռնաթափել  կառավարման կենտրոնացվածությունը: "Մեր առաջնահերթություններն են կրթության որակի բարելավման ապահովումը,   համալսարանական կրթության ինքնավարության բարձրացումը եւ համակարգի կառավարման արդյունավետությունը»,-նշել է նախարարը եւ հույս հայտնել, որ  բարձրագույն կրթության եւ հետբուհական մասնագիտական կրթության նոր օրենքի ընդունմամբ բազմաթիվ հարցեր կկարգավորվեն: 

Նախարարը պատվիրակության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաեւ այն հանգամանքի վրա, որ  Համաշխարհային բանկի  վարկային ծրագրերը կրթության կառուցվածքային խնդիրների լուծմանը մեծապես նպաստելուց հետո պետք է ուղղվեին  բովանդակային խնդիրների լուծմանը: Խոսելով կրթության համակարգում ներկայում ՀԲ վարկային ծրագրով   իրականացվող հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքների մասին` Լեւոն  Մկրտչյանը   ցանկություն է հայտնել ՀԲ-ի հետագա վարկային միջոցներն ուղղորդել կրթության որակի բարձրացման ծրագրերին, որոնք կնպաստեն  բարձրագույն կրթության եւ ավագ դպրոցի բովանդակության եւ որակյալ կրթության ապահովմանը:

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրն իր խոսքում ընդգծել է.«Կրթության եւ գիտության նախարարության հետ մեր ամուր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների վրա, որոնցից մեկն էլ այն է, որ կրթությունը մարդու իրավունք է, որը կենսական ու առանցքային դերակատարում ունի անհատի եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցում: Միացյալ Նահանգների համար երեխաների իրավունքների պաշտպանությունը եւս շարունակում է մնալ գերակա խնդիր, ինչը կիսում են նաեւ մեր գործընկերներն այստեղ՝ Կրթության եւ գիտության նախարարությունում ու Հայաստանի կառավարության մյուս օղակներում: Պատրաստ ենք շարունակել մեր գործընկերությունը այս եւ այլ կարեւոր հարցերի շուրջ»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը:

Տպել
Ամենաշատ