News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի եւ գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ եւ նշել, որ մթերման սեզոնը սահուն անցկացնելու նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է մթերող բոլոր կազմակերպությունների հետ:

Այնուհետեւ ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Քննարկվել են նաեւ տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր: 

Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, այդ նպատակով շարունակական քայլերի իրականացումը, արտադրության ու արտահանման ծավալների մեծացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խաղողի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այդ գործում օժանդակություն ցուցաբերել մթերողներին եւ գյուղացիական տնտեսություններին: «Մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս առավելագույն քանակով խաղող մթերեն եւ խնդիրներ չստեղծեն խաղողագործների համար»,- նշել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ