News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները այլ ելք չեն տեսնում, քան քաղաքական հակառակորդներին բերդերում մեկուսացնելը: Այսօր այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո:

«Ինձ ուղղված մեղադրանքը անհեթեթ էր, երկու ոստիկանի կեղծ ցուցմունքով զրպարտություն էր, երկուսն էլ նույնաբովանդակ ցուցմունք են տվել, սարքել են` կոպիտ ասած: Լավ է, որ ազատ արձակեցին ինձ գրավի դիմաց, բայց դրանից իրենց պատասխանատվությունը չի նվազում բանտերը լցված քաղբանտարկյալների նկատմամբ»,-ասել է Հովսեփ Խուրշուդյանը:

Նա հայտարարել է, որ մեկամսյա կալանքը ոչինչ չի փոխել իր կյանքում, նա շարունակելու է պայքարը։ «Այսուհետ պայքարը պետք է գնա երկու ուղղությամբ` նախ եւ առաջ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ապա քաղաքական օրակարգում եղած պահանջով` իշխանություններից ազատվելու ուղղությամբ: Ինքան շուտ ազատվենք այս հանցագործներից, այնքան լավ»,- ասել է Խուրշուդյանը:

Ըստ ժառանգության անդամի` իշխանությունները թիրախավորել են նրանց, որոնց քաղաքական գործունեությունից վտանգ են տեսնում. «Այլ ելք չեն գտնում, քան քաղաքական հակառակորդներին բերդերում մեկուսացնելը»:

Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել է, որ ինքը եւս այս մեկ ամսում անազղատության մեջ է եղել որպես քաղբանտարկյալ:

Նշենք, որ նրան բանտարկելով` իշխանությունները տապալել են միջազգային նշանակության մի միջոցառում, որը կազմակերպել էր Հովսեփ Խուրշուդյանը: Նա ասել է, որ այդ կապակցությամբ դեռ զարգացումներ են լինելու, իշխանություններին «անակնկալ» է սպասվում:

«Միջազգային խոշոր կոնֆերանս է լինելու Բրատիսլավայում` նվիրված Սլովակիայի Եվրամիությունում նախագահությանը, երիտասարդական, մարդու իրավունքների հարցերի վերաբերյա, որին մասնակցում են 150 ներկայացուցիչ տարբեր երկրներից`եվրոպական երկրներից, Ռուսաստանից , Եվրահանձնաժողովից»:

Հովսեփ Խուրշուդյանը բողոքարկելու է կալանավորման որոշումը:

Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Նա կալանավորվել էր հուլիսի 30-31-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ