Մոսկվայում ձերբակալել են կազմակերպված խմբավորման անդամների, որոնք գործել են Շաքրո Մոլոդոյ անունով հայտնի Զաքարիա Կալաշովի անունից: Խմբավորման 5 անդամների ձերբակալության մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ կայքը:
Նախարարության տվյալներով՝ խմբավորումը գումար է շորթել ձեռներեցներից: Խուզարկությունների ընթացքում ոստիկանները խմբավորման անդամներից մարտական զենք, ձայնագրություններ եւ փաստաթղթեր են առգրավել, որոնք հաստատում են նրանց գործունեությունը:
Կալաշովը ձերբակալվել է հուլիսի սկզբին, Elements սրճարանի տիրուհի Ժաննա Կիմից գումար շորթելու գործով: Այդ գործով մի քանի մարդ է մեղադրվում, որոնք քրեական հեղինակության մերձավորներն են համարվում:
Լրատվամիջոցները Կալաշովի գործը կապում են Ռուսաստանի Քննչական կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցների ձերբակալությունների հետ, որոնք մեղադրվում են կաշառք վերցնելու համար: