News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը դեռ չի հստակեցնում իր ճանապարհային քարտեզը: Խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր՝ օգոստոսի 26-ին Ազատության հրապարակում հայտարարեց, որ հետագա անելիքները դեռ հստակեցման կարիք ունեն, դրանք մոտ ապագայում միայն կհրապարակվեն:

««Սասնա ծռերը» ստեղծեցին մի նոր հույսի շրջան, նոր էներգետիկա, որը շարունակվում է: Այնքան ժամանակ, ինչքան որ գնդի տարածքում էին «Սասնա ծռերը», իրենք էին շարժիչ ուժը, ժողովուրդն այդ ժամանակ մոբիլիզացվեց: «Սասնա ծռերը» շարունակում են մնալ շարժիչ ուժ, բայց քանի որ այնտեղ ներկա չեն, ժողովուրդը սպասում է: Սա է միակ տարբերությունը: Մեր անելիքները հստակեցվելու են: Ճանապարհաին քարտեզը կներկայացվի, ովքեր չեն ներակայնում, սպասում են անելիքի խոսքին, մենք շուտով կունենանք այդ հարցի պատասխանը ու բոլորս միասին կլծվենք ակտիվ աշխատանքի»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ անելիքները 80 տոկոսով հստակեցվել են արդեն:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ առաջիկա քայլերից մեկը սեպտեմբերին համազգային համաժողովի կազմակերպումը կլինի Հայաստանում: Համաժողովին, նրա խոսքով, կմասնակցեն պայքարողներ, մտավորականներ, սփյուռքահայեր, հայտնի մարդիկ:

«Համաժողովը լինելու է այնպիսին, որտեղ կլինեն հստակ ազգային-քաղաքական օրակարգ, հստակ բանաձեւեր, անզիջող բանաձեւեր, այնտեղ այսօրվա վարչախմբի հետ եզրեր գնելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ ճանապարհային քարտեզը միայն դա չի ընդգրկելու:

Ալեք Ենիգոմշյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Ազատության հրապարակում գրանցված միջադեպին, երբ հանրահավաքի մասնակիցներին դուր չէր եկել հանրային գործիչ Գայանե Գասպարյանի ելույթը, որով նա «ղարաբաղցիներին կոչ արեց Երեւանից Ղարաբաղ գնալ»:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այսուհետեւ կարգը կփոխվի, ելույթ ունենալ ցանկացողները 24 ժամ առաջ իրենց ելույթի բովանդակությունը կներկայացնեն քաղաքական խորհրդին, ապա համաձայնություն ստանալուց հետո միայն ելույթ կարող են ունենալ: Նա նշեց նաեւ, որ իրենց հանրահավաքները կկայանան շաբաթը մեկ անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ