ԱՄՆ-ում` Նյու Ջերսիի Սեկոկուս քաղաքում ոստիկանը մի տղամարդու է փրկել՝ դուրս բերելով սլացող գնացքի անիվների տակից, հայտնում է ABC-ն:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան: Տրանսպորտային ոստիկանության 41-ամյա աշխատակից Վիկտոր Օրտիզը հաղորդագրություն է ստացել կառամատույցին ոչ ադեկվատ ուղեւորի մասին: Երբ վերջինս «Ես բանտ չեմ գնա, ես բանտ չեմ գնա» բղավելով` ցատկել է ռելսերին եւ քայլել դրանց վրայով, սպան վազել է նրա հետեւից, չնայած գնացքը շուտով մտնելու էր կառամատույց:
Տեսնելով մոտեցող գնացքը` ուղեւորը ծնկի է իջել ռելսերին ու բղավել. «Ես ընդամենը ուզում եմ մեռնել, ես ընդամենը ուզում եմ մեռնել»: Օրտիզը նրա աջ ձեռքին ձեռնաշղթա է անցկացրել եւ փորձել հեռու տանել երկաթուղագծից, բայց նա ակտիվորեն դիմադրել է: Այդուհանդերձ, ոստիկանին հաջողվել է նրան հետ քաշել եւ հենց այդ պահին գնացքը սլացել է նրանց կողքով: