News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանում առաջին անգամ տեղի կունենան Ճապոնիայի Noh ավանդական ուղղությունը ներկայացնող թատերախմբի հյուրախաղերը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առաջատար դերասան եւ Հոու-Շոու դպրոցի ուսուցիչ Մասայուկի Ֆուձին խոսեց առաջիկա հյուրախաղերի մասին:

Հյուրախաղերը տեղի կունենան սեպտեմբերի 26-ին եւ 27-ին, ներկայացումները կբեմադրվեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եւ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: «Եվրոպայում մի քանի անգամ ենք եղել, բայց Հայաստանում առաջին անգամ ենք լինում»,- ժպտալով ասաց Ֆուձին սանը:

Հայաստան կգա 9 մարդուց կազմված թատերախումբը: Հայ հանդիսատեսին իրենց ելույթներով կուրախացնեն Մասայուկի Ֆուձին, Մանջիրո Տացումին, նրա ավագ որդին՝ Կազումա Տացումին, Մասայուկի Ֆուձիի ավագ որդին՝ Շուգա Ֆուձին, Սատոկո Կաշիվայաման, Էյտարո Օկուբան, Կայու Օմուրան, Տակահիսա Սուդան, Յոկո Կամիյաբուն:

Ներկայացումը կազմված է մի քանի մասից, այն ընդհանուր առմամբ 1,5 ժամ կտեւի: Հանդիսատեսին կներկայացվեն տեսարաններ սամուրայների եւ հասարակ մարդկանց կյանքից, վիթխարի սարդի հետ պայքարը, ֆլամենկո ոճով ներկայացված սիրո պատմություն, ճապոնական դասական գրականության՝ «Գենձիի պատմությունը», տեսարաններ: Եվ այս ամենը մեծ ու փոքր թմբուկների, ճապոնական հնագույն կիթառների նվագակցությամբ:

Noh թատրոնի պատմությունը սկսվում է 14-րդ դարից: Թատրոնը տարածված է մտավորականության շրջանում: Ձեամին, որը Noh թատրոնի մեծագույն դրամատուրգն է ու տեսաբանը, այս ուղղությունը զարգացրել է սյոգուն Ասիկագա Յոսիցունեի հովանավորությամբ: Այս արվեստը սերնդեսերունդ է փոխանցվել: Ինչպես Noh-ն, ֆլամենկոն եւս հիմնադրվել է Հյուսիսային Հնդկաստանում: Noh-ի եւ ֆլամենկոյի միախառնման արդյունքում կարծես հանդիպում են Արեւելքն ու Արեւմուտքը:

Կաբուկի թատրոնը, որը նույնպես ճապոնական թատրոնի ավանդական ուղղություն է, ավելի ուշ է հիմնադրվել՝ մոտ 200 տարի առաջ, երբ տապալվել է Սյոգունատ Տուկուգավան, այն տարածվել է հասարակ մարդկանց շրջանում:

Noh ճապոնական ավանդական թատրոնը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է մարդկության ոչ նյութական մշակութային արժեք: Դա խորհրդանշական պար-դրամա է, որը խորապես փիլիսոփայական է, արտացոլում է հոգեւոր համոզմունքները եւ բարոյական արժեքները: Առանձնահատկություններն են բեմական պարզ նրբագեղ իրադրությունը եւ դրա հետ մեկտեղ՝ բարդ հանդերձանքը: Ներկայացման մեջ սովորաբար լինում են երկու կամ երեք գլխավոր հերոսներ, երգչախումբ եւ թմբկահարների ու ֆլեյտահարների նվագախումբ:

Noh թատրոնում դերասանները դիմակներով են ելույթ ունենում:

«Դա թատրոնի համար շատ կարեւոր է: Իմ ձեռքին եղած դիմակները 100 տարեկան են: Կան ավելի հին դիմակներ էլ՝ 200, 300 տարեկան եւ նույնիսկ ավելի հին»,- ասել է թատրոնի առաջատար դերասան եւ պրոդյուսեր Ֆուձին սանը, որը երեխաների համար սեմինարներ է կազմակերպում: Դիմակները տարբեր դերասաններ են օգտագործում, այդ պատճառով դիմակի ներքին կողմում հատուկ բարձիկներ են դրվում, որպեսզի այն հարմընկնի տարբեր դեմքերին:

Թատրոնում սովորաբար չի ցուցադրվում, թե դերասաններն ինչպես են հագնվում: Սակայն Ֆուձին սանը, որը կնոջ է մարմնավորելու, ցույց կտա, թե դա ինչպես է կատարվում, ինչպես են ամրացվում վարսերը:

Հյուրախաղերի գաղափարն իրականացվել է ընկերոջ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյձի Թագուտի շնորհիվ: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում, եւ ինձ շատ է հետաքրքրում այստեղ ցուցադրել ճապոնական ավանդական թատրոնը»,- նշել է Ֆուձին սանը: Ներկայացման ռեկվիզիտը բավական մեծ է: Կան շատ գործիքներ, ծանր հանդերձանք, թանկարժեք դիմակներ:

Ինչպես Ճապոնիայում մասնագիտություններից շատերը, դերասանի մասնագիտությունը եւս ընտանեկան բնույթ ունի: «Դա փոխանցվում է սերնդեսերունդ: Դերասան են հայրը, պապը: Որդին է դերասան, եւ թոռը նույնպես թատրոնում կլինի»,- նշել է Ֆուձին սանը:

Տղաները թատրոնում սկսում են խաղալ 3 տարեկանից: Եթե շարունակում են խաղալ 50 տարի, նրանք կճանաչվեն որպես Ոչ նյութական կարեւոր արժեքի պահապան: Կարիերայի եւս 20 տարին նրան կդարձնի Ճապոնիայի Ազգային կենդանի արժեք: Ֆուձին սանը Ոչ նյութական կարեւոր արժեքի 50 պահապաններից մեկն է:

«Երեկ Գառնի էինք մեկնել, տեսանք պատմական հուշարձանը: Հայաստանում մենք ցանկանում ենք ցուցադրել շատ պատմական ճապոնական որեւէ բան: Դա շատ կարեւոր է: Հայ ժողովրդի հնագույն մշակույթը նրան թույլ է տալիս արժանիորեն գնահատել մյուս հին ժողովուրդների հարուստ մշակույթը: Հետեւաբար՝ կարծում եմ, որ Հայաստանում հասկանում են, թե պատմությունն ինչ է նշանակում»,- ընդգծեց Ֆուձին սանը:

Ֆուձին սանը եւս երկու ցանկություն ունի՝ բիբլիական Արարատի գագաթին տեսնել Նոյյան տապանը եւ Հայաստանում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկը:

Սեպտեմբերի 26-ին նախատեսված ներկայացման անվճար տոմսեր կարելի է ձեռք բերել տիկնիկային թատրոնի դրամարկղից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ