News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը կոչ է անում կառավարություններին անհապաղ հասցեագրել մարդասիրական խնդիրները, որոնք առնչվում են անհայտ կորածներին՝ այն անձանց, ովքեր անհայտ կորել են զինված հակամարտության կամ բռնության այլ իրավիճակներում, բնական աղետների կամ միգրացիայի հետեւանքով։

Խոսելով օգոստոսի 30-ի՝ Անհայտ կորած անձանց միջազգային օրվան ընդառաջ՝ պարոն Մաուրերն ասել է, որ համաձայնեցված ջանքեր են անհարժեշտ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու եւ փաստաթղթավորելու, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին պատասխաններ եւ աջակցություն տրամադրելու համար։

«Միլիոնավոր մարդիկ են բախվել այս ողբերգության հետ, այդուհանդերձ, այն պատշաճ կերպով չի ընդունվում եւ բավարար չափով չի լուսաբանվում։ Նման անտարբերությունը չափազանց մտահոգիչ է»,- ասել է պարոն Մաուրերը։ «Անհետացումները հաճախ զգայուն սոցիալական եւ քաղաքական խնդիր են, բայց դա անգործության արդարացում չի կարող լինել։ Պատասխաններ տրամադրելու համար կառավարությունները պետք է դրսեւորեն քաղաքական կամք։ Պետք է քայլեր գործադրեն անհետացումները կանխելու համար, իսկ երբ մարդն անհայտ կորել է՝ հավաքագրեն ամբողջական տեղեկություններ, որոնք ինչ-որ պահի կարող են օգնել հարազատներին եւ սիրելիներին պատասխան տալու հարցում»։

Աշխարհում անհայտ կորած անձանց ճշգրիտ թվի վերաբերյալ չկա հստակություն, սակայն ԿԽՄԿ-ի գնահատումով նրանք հաշվվում են առնվազն հարյուր հազարներով։ Նրանց թվում են մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած մարտիկները, տները լքելու կամ զինված խմբերին ստիպողաբար միանալու հետեւանքով ծնողներից անջատված երեխաները, ընտանիքի հետ կապ հասատել չկարողացող դատապարտյալները, հարազատների հետ կապը կորցրած ներքին տեղահանված անձիք եւ փախստականները։ Անհրաժեշտ է հիշել, որ ամեն տարի անհայտ կորելու վտանգը սպառնում է մեծ թվով մարդկանց։

Ճշգրիտ տվյալների բացակայությունն ինքնին խնդրի մի մասն է։ Թվերը, սակայն, չեն կարող փոխանցել տառապանքի խորությունը՝ կապված յուրանքաչյուր անձի հետ։ Հետեւաբար, պետք է հսկայական մտահոգության առիթ հանդիսանա այն, որ անհայտ կորածների հիմնահարցը՝ իր ողջ մասշտաբով եւ ընտանիքների, համայնքների եւ հասարակության վրա ունեցած ազդեցությունով հանդերձ՝ հաճախ պարզապես անտեսված է։

ԿԽՄԿ-ն կոչ է անում կառավարություններին ակտիվացնել իրենց արձագանքը, զարգացնել համապատասխան իրավական դաշտ, ինչպես նաեւ անհրաժեշտ համակարգեր եւ ընթացակարգեր, որպեսզի հաշվետու լինեն անհայտ կորած անձանց համար եւ ապահովեն արդյունավետ աջակցություն նրանց ընտանիքներին:

«Նրանք, ովքեր ունեն ազդեցություն եւ ի զորու են օգնել, օգտվելով Անհայտ կորածների միջազգային օրվա առիթից, պետք է դրսեւորեն իրենց կամքն այս հարցում», - ասել է պարոն Մաուրերը։ «Խարխափել մթության մեջ՝ չիմանալով, թե ինչ է կատարվել ձեր սիրելիի հետ․ պատկերացրեք այն ցավը, որ դա կպատճառի։ Պետք է անել ավելին՝ հանուն մարդկության»։

1992-1994 թվականների Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում գրանցված կան մոտ 4500 անհայտ կորած անձինք։ Մենք աջակցում ենք կողմերի ջանքերին այս անձանց ճակատագրերը պարզելու եւ նրանց ընտանիքներին պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն տրամադրում է նաեւ բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, օրինակ, օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, կողմնորոշվել իրավական խնդիրներ լուծելիս, ինչպես նաեւ առաջարկում սոցիալ-հոգեբանական աջակցություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ