News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Մասիս քաղաքի հին կաշվե գործարանի կիսաքանդ շենքում արդեն 8 տարի ծանր սոցիալական պայմաններում բնակվող Ավետիսյանների 5 հոգանոց ընտանիքի 3 անչափահաս երեխաները սեպտեմբերի 1-ին կրկին դպրոց են գնալու հին հագուստով ու մաշված կոշիկներով։ Նոր հագուստի եւ նոր գրենական պիտույքների մասին երազող երեխաները սեպտեմբերի 1-ի առավոտյան արթնանալու են մյուս երեխաների նման ոչ թե բարձր տրամադրությամբ, այլ հակառակը. պատառոտված կոշիկներով, հարեւանների տված պայուսակներով եւ մաշված հագուտով ձեռք ձեռքի բռնած, տխուր ու արցունքոտ աչքերով գնալու են դպրոց: 39-ամյա Կարինե Ավետիսյանը պատմում է՝ ինքն ու իր 39-ամյա ամուսինը՝ Ռուստամ Ավետիսյանը, ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները գոնե սեպտեմբերի 1-ին բարձր տրամադրությամբ արթնանան, հին հագուստի պատճառով չամաչեն հասակակիցներից, սակայն, ընտանեկան բյուջեն, որը ամսական 25 հազար դրամ է կազմում,  չի բավականացնում անգամ օվա հացի համար:

«Արդեն քանի տարի է սեպտեմբերի 1-ին նույն պատմությունն է. երեխաներն առավոտյան արթնանում են, հագնում են հին շորերը, տխուր տրամադրությամբ, իրար ձեռք բռնած գնում են դպրոց: Այս տարի նորից ոչինչ չի փոխվել, էլի նույն հին հագուստը, պայուսակները....ու էլի Սաքուլիկս առանց կոշիկների»,-ասում է տիկին Կարինեն։

Ընտանիքի մայրը նշում է՝ երեք անչափահաս երեխաները՝ Խաչիկը, Սարգիսն ու Լուսինեն, հին ու մաշված հագուստի, պատառոտված կոշիկների պատճառով հասակակաիցների կողմից մերժվում են. դասարնում ընկերներ չունեն:

«Գալիս են տուն ու պատմում, որ հասակակիցները խնդում են, որ մաշված հագուստով են, հետներն ընկերություն չեն անում...մի խոսքով, ահավոր վիճակ է: Չեմ էլ կարողանում երեխաներիս բացատրել, թե ինչու ենք էս վիճակում»:

Կարինե Սուքիասյանն ու ամուսինը 15 տարի առաջ են ամուսնացել, երկուսն էլ անապահով ընտանիքից են, այդ պատճառով էլ հայտնվել են ծանր դրության մեջ։ 7 տարի առաջ բնակվել են Եղեգնաձորի գյուղերից մեկի հարակից սարերում՝ վրանների մեջ, փողով անասուններ պահել, սակայն անմարդկային պայմաններին չդիմանալով, եկել են Մասիս՝ լքված ու կիսաքանդ գործարանի տարածքում բնակություն հաստատել։ Մոտակայքում ոչ մի բնակելի տուն չկա, իրենք էլ հնարավոր է շուտով կորցնեն այն կիսաքանդ կառույցը, որտեղ այժմ բնակվում են. «Ամուսնուս ծնողները շատ վատ պայմաններում էին ապրում, որոշեցինք գնալ Եղեգնաձոր՝ սարերում փողով անասունների նայել ու այդպես ապրել։ 5 տարի կարողացանք մի կերպ վրաններում ապրել, սակայն անմարդկային պայմաններ էին եւ մեզ օգնելու համար բարեկամներիցս մեկն առաջարկեց գալ ու մնալ Մասիսում, փողով կով կթել, մի քիչ փող աշխատել»:

Տիկին Կարինեն խնդրում է բարի մարդկանց աջակցությունը երեխաների համար գոնե մինիմալ պայմաններ ապահովող տուն ունենալու համար՝ խոնավ ու ցուրտ կիսակառույց գործարանում ապրող նրանց 3 անչափահաս երեխաների առողջությունը վտանգված է:

Ավետիսյանների ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098937341 հեռախոսահամարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ