1992 թ. սկսած մինչեւ հիմա անհետ կորած է համարվում 4500 մարդ՝ Հայաստանից, ԼՂՀ-ից ու Ադրբեջանից: Այս մասին օգոստոսի 30-ին՝ Անհետ կորածների միջազգային օրը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով այս ցուցանիշների հիմքում միայն այդ մարդկանց ընտանիքների հայտերն են.
«Յուրաքանչյուր թվի հետեւում պատմություններ են, ճակատագրեր, ցավ,հիշողություն, մարդիկ անհետ կորել են, պատասխան չկա: Հարազատների համար այդ մարդիկ դեռ ողջ են»,- նկատել է Զառա Ամատունին: ԿԽՄԿ-ն, շարունակել է նա, փորձում է ամեն տարի անդրադառնալ այդ թեմային: Անհետ կորածների խնդիրը, ըստ Զառա Ամատունիի, առաջնային խնդիրներից մեկն է:
«Եվ ղարաբաղյան հակամարտությունում այս խնդիրը բացառություն չէ: ԿԽՄԿ-ն աշխատում է հակամարտության բոլոր կողմերի հետ: Մենք տվյալներ ենք հավաքում, որոնց հիմքում ընտանիքների հետ մեր շփումներն են: Երեք կողմերի համապատասխան (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ ու Ադրբեջան) հանձնաժողովները ունեն անհետ կորածների ցուցակները»,- նկատել է Զառա Ամատունին՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն աշխատում է նաեւ սոցիալ հոգեբանական ծրագրերի շրջանակում: