News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի օրերին զոհված սերժանտ Վաչիկ Մովսիսյանի 6-ամյա դուստրը` Մելինեն, այս տարի կգնա դպրոց: Աղջիկը հպարտությամբ ցույց է տալիս մեզ իր դպրոցական պայուսակը, բայց հետո արագ մտահան է անում այն. մեր տեսախցիկի պայուսակը շատ ավելի հետաքրքիր զբաղմունք է թվում նրան- սրա ներս ու դրսում այնքան շղթաներ ու գրպանիկներ կան: Պայուսակը տնտղելով` շարունակում է լսել մեծերի խոսակցությունը, եւ երբ հնչում է հոր անունը, ասում է. «Ասեց՝ կարողա կյամ վեչ»:

Աղջկա մայրը` Իդա Մանուչարյանը, հիշում է, որ ամուսինը ծառայության գնալիս պատվիրել էր չնեղացնել երեխաներին. «Ախր, ես կարող է չվերադառնամ»,- ասել էր նա: Ապրիլի 26-ի առավոտյան նա, ինչպես միշտ, պատրաստվում էր գնալ զորամաս, իսկ երեխաները կառչել էին նրա զենքից եւ խնդրում էին մնալ: Դրա նախորդ գիշեր ուժեղ գնդակոծություն էր եղել, Վաչիկն էլ գնդից զանգել էր կնոջը, եւ որպեսզի նա չանհանգստանար, ասել էր, թե կրակում են մերոնք: Բայց Իդան արդեն իսկ ձայնից կարող էր որոշել, թե որ կողմից են կրակում: Վաչիկն առավոտյան կողմ էր տուն եկել, մի քիչ քնել ու նորից գնացել։ Ապրիլի 26–ին նա այդպես էլ չվերադարձավ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղը գտնվում է շփման գծի մոտ. երբ այնտեղ կրակում են, այստեղ պարզ լսվում են կրակահերթերը: Այդ ձայնին գյուղի բնակիչները վաղուց սովորել են: Այստեղ ապրում են պատերազմական ժամանակների օրենքներով. գիշերները չեն միացնում էլեկտրականություն, որպեսզի չդառնան թիրախ Ադրբեջանի զինված ուժերի համար: Երբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի մասշտաբները հայտնի դարձան, կանանց եւ երեխաներին գյուղից տարհանեցին Ստեփանակերտ: Բայց հենց հրաձգությունը դադարեց, բոլորը վերադարձան. նրանք չէին կարողացել մենակ թողնել իրենց ամուսիններին: Մի օր, երբ գնդակոծում էին գունդը, Իդայի ծնողները վերցրին նրան եւ չորս երեխաներին, նստեցրին մեքենա, հանեցին գյուղից ու տարան գնդից հեռու:

Ապրիլի 26-ին, երբ զոհվեց Վաչիկ Մովսիսյանը, եւ ապա 28-ի գիշերը` նրա հուղարկավորության նախօրեին, Իդա Մանուչարյանը հիշում է, որ հրաձգությունն այնքան սաստիկ էր, որ երկնքում կարծես պայթեին հրե գնդեր, պատուհանները ցնցվում էին ինչպես երկրաշարժի ժամանակ: Բոլորն անհանգիստ էին, թե չեն կարողանա վայելուչ հուղարկավորել զինվորականին, բայց առավոտյան հրաձգությունը դադարեց, եւ մարմինը հանձնեցին հողին:

Զոհված սերժանտի ընտանիքում մեծանում են երեք տղա եւ մեկ աղջիկ: Ավագ երկու տղաները` տասնամյա Ռուբենը եւ ութամյա Դավիթը, տանը չէին, Դավիթը հյուր էր տատի մոտ, Ռուբենը մեկնել էր Հունաստան` ճամբար: Այս ուղեւորւթյունը զոհված զինծառայողների երեխաների համար կազմակերպել էր Արցախի կառավարությունը: Ամենակրտսերը` երկու տարեկան Կարենը, խաղաց մեզ հետ եւ երբ հոգնեց, նրան պառկեցրին քնելու բակում` ծառերի ստվերի տակ:

Բազմազավակ ընտանիքն առայսօր չունի սեփական բնակարան: Նրանք բնակվում էին վարձով, այժմ Իդան 4 երեխաների հետ ապրում է հարազատների տանը: Կինը պատմեց, որ ամուսնու զոհվելուց հետո եկել էին պաշտոնյաներ, հետաքրքրվել բնակարանի հարցով: Խոստացել էին տուն փնտրել Ներքին Հոռաթաղ գյուղում: Ինքը Իդան կուզենար տուն ստանալ Ստեփանակերտում, որպեսզի աշխատեր եւ երեխաներին լավ կրթության տար: Բայց նրան ասել էին, թե քանի որ ամուսինը հաշվառված է եղել այստեղ, նրանց հասանելիքն էլ այստեղ է: Պետք է նշել, որ նրանց բնակարան հասնում էր վաղուց, երբ ընտանիքում ծնվել էր երկրորդ, ապա երրորդ, եւ հետո նաեւ չորրորդ երեխան, եւ երբ Վաչիկ Մովսիսյանը դեռեւս ողջ էր…

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ