News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններում ջերմացումը վկայում է ռուսական բաղձալի բազմաբեւեռային հայեցակարգի վերելքի մասին: Այս մասին գրել է բրիտանացի լրագրող, Քարնեդի կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում հանդիպմամբ երկու երկրների նախագահները ցանկանում էին հայտարարել Արեւմուտքից դժգոհության մասին: Մասնավորապես, Էրդողանը ցանկանում էր ցույց տալ արեւմտյան առաջնորդներից դժգոհությունը, որոնք նրան միանշանակ աջակցություն չցուցաբերեցին հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո եւ շարունակեցին մեղադրել բռնատիրության համար:

Երկու կողմերն էլ, ըստ փորձագետի, հարաբերություններում սառույցը կոտրելու պատճառներ ունեին. Թուրքիայի տնտեսությունը տուժում էր ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատման եւ թուրքական ապրանքների էմբարգոյի պատճառով, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գազի արտահանման հարցում նվազեցնել կապվածությունն Ուկրաինայից եւ վերագործարկել «Թուրքական հոսք» նախագիծը:

Դե Վաալը, միաժամանակ, հիշեցնում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ռուսական եւ օսմանյան կայսրությունների հետնորդն են, որոնք մշտական թշնամանքի մեջ են եղել, եւ մեկ հանդիպումը հազիվ թե կարող է ստիպել մոռանալ այդ ժառանգության մասին: Նրանք չեն կարողանում հաղթահարել դա ոչ ավելին, քան երկրներից ցանկացածը կարող է լուծել տարածաշրջանային եռանկյունու երրորդ մեծ ուժի Իրանի հետ խորապես արմատացած խնդիրները:

Իսկ Սիրիայում կողմերը, թվում է, տակտիկական գործարք են կնքել. երկրի հյուսիսում համագործակցել, այսպես կոչված, Իսլամական պետության դեմ պայքարում՝ միաժամանակ Հալեպի համար պայքարում նախկինի պես հակադիր դիրքորոշում զբաղեցնելով:

Այսպիսով, ըստ Թոմաս դե Վաալի, հաշտությունն ավելի շատ բիզնես-գործարքի է նման՝ սահմանափակ նպատակներով եւ տնտեսական հիմնավորումներով, քան նոր ռազմավարական դաշինքի:

Դե Վաալն ընդգծում է, որ Պուտինն ու Էրդողանը տեսնում են մի աշխարհ, որում դաշինքները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն, ավելի թույլ են եւ նվազ նշանակություն ունեն: Երկու առաջնորդներն էլ իրենց ավելի հարմարավետ են զգում մի աշխարհում, որտեղ դաշինքները ժամանակավոր են եւ որտեղ գերտերություններն են օրակարգ սահմանում եւ իրենց իրավունք վերապահում ցանկացած պահի փոխել կարծիքը, մինչդեռ փոքր երկրները պետք է հարմարվեն:

Բայց, իհարկե, մեծ բազմաբեւեռությունն ավելի պակաս բազմակողմանիություն է նշանակում: Եթե եվրոպական կազմակերպությունները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն, ցանկանում են պայքարել բազմաբեւեւռային միտումների դեմ, ապա, ըստ փորձագետի, պետք է ավելի գրավիչ եւ ավելի ներառական լինեն Եվրոպայի ծայրամասում գտնվող երկրների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ