Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի խնդիրներին նվիրված ֆորում է կազմակերպվելու:
Միջոցառումը, որը ծրագրված է սեպտեմբերի 2-ին, նվիրված է լինելու ԼՂՀ անկախության 25-ամյակին, հայտնում է Prensa Armenia–ն:
Ֆորումի կազմակերպիչը Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբն է՝ Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Մասնակիցներից են լինելու ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, սենատորներ Ռաֆայել Միշելինին, Ռուբե Մարտինեզ Գուելմոն, Ուրուգվայի խորհրդարանի անդամներ, պատմաբաններ, իրավաբաններ ու մարդու իրավունքների ոլորտի փորձագետները:
Կազմակերպիչները նշում են, որ ֆորումը դառնալու է այն հարթակը, որում աջակցություն են արտահայտելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մասնակիցները կմշակեն ու կհրապարակեն հետազոտություններ եւ քննարկումներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի խնդիրների վերաբերյալ: