Օգոստոսի 30-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ:
Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանն ի պահ հանձնեց «Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիայի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրության ՀՀ վավերագրերը։
Համապատասխան արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում կողմերն անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին։
Քննարկվեց Հայաստան-ԵԽ 2015-18թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որի մեկնարկը ազդարարվել էր ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ մասնակցությամբ ս.թ. մայիսի 21-ին` Երեւանում կայացած միջոցառմանը։
Կողմերը վերահաստատեցին իրենց փոխադարձ հանձնառությունը շարունակելու գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված ջանքերը, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանում ընթացող շարունակական բարեփոխումներին։