News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեզ չհաջողվեց մեքենայով հասնել բլրի գագաթին, որտեղ գտնվում էր դեպի Բջնի գյուղ մեր ուղեւորության վերջին կանգառը։ Մեքենան թողնելով ստորոտում` ոտքով բարձրացանք զառիվերը` ուղղվելով դեպի ամրոց: Մոտ 20 րոպե հարկավոր եղավ` դարուփոսը հաղթահարելու համար, եւ ահա մենք արդեն գագաթին էինք: (ֆոտոռեպորտաժ)

Ամրոցի շրջակա տարածքը բարեկարգ չէր, բայց տեսարանը շունչ էր կտրում, Բջնին ափի մեջ` կարծես բացիկ լիներ:Ցածում Հրազդան գետն էր, Աստվածածնի եկեղեցին` հիմնված 1031 թվականին հայ իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից, 7-րդ դարի փոքրիկ գմբեթավոր սբ. Սարգիս եղեկեցին:

Պեղումները ամրոցի շրջակայքում սկսվել են 1977 թվականին եւ պարբերական ընդհատումներով շարունակվում են առայսօր:Մասշտաբային հետազոտություններ իրականացնելու համար եղած ֆինանսական միջոցները սուղ են,- ասում է մեզ ուղեկցող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Ղարիբյանը:

Գրավոր աղբյուրներում ամրոցի առաջին հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարին, սակայն ռազմավարական նշանակություն այն ձեռք է բերել 10-րդ դարում, երբ Բջնին դարձել է Պահլավունիների տոհմական տիրույթ:Նախապես, պատմում է Ղարիբյանը, բլրի վրա կառուցված է եղել միայն եկեղեցի: Շինությունը հառնել է մոտավորապես 4-5 դդ.-երին: Նրա մասին որեւէ հիշատակություն չի պահպանվել: Ավելի ուշ անհայտ պատճառով այն կործանվել է. դրա տեղում 10-րդ դարում կառուցվել է նոր եկեղեցի, որի պատերի մեջ դրվել են նաեւ նախորդի քարերը: Այսօր, հին եկեղեցուց պահպանվել է մի քար, նոր եկեղեցուց մնացել են ավերակներ:

Ամրոցը կառուցվել է եկեղեցու շուրջը եւ իր ավարտուն տեսքը ստացել 10-րդ դարում` սպարապետ Վասակ Պահլավունու օրոք: Սպարապետը կառուցել է երկբաժին պալատ. մեկը պաշտոնական ընդունելությունների, մյուսն իր առանձնասրահն էր: Կառուցվել է ամրոցի կրկնապարիսպը: Բացվել է նաեւ ամբար, ըստ երեւույթին, հացահատիկ պահելու համար, նշում է Ղարիբյանը:

Վասակ Պահլավունու մահից հետո նրա իշխանությունը եւ կալվածքները ժառանգել է որդին’ Գրիգոր Մագիստրոսը: 1045 թվականին, երբ Բյուզանդիայի կայսր Կոնսատանտին IX Մոնամախը հայոց արքա Գագիկ II Բագրատունուն կանչում է Կոստանդնուպոլիս եւ նետում զնդանը, Գրիգոր Մագիստրոսը Բյուզանդիային է հանձնում իր կալվածները, այդ թվում’ Բջնին՝ փոխարենը ստանալով գյուղեր եւ քաղաքներ Միջագետքում:

Դրանից շատ չանցած՝ Բջնին նվաճում են սելջուկները: 1201 թվականին հայկական զորքերը ազատագրում են գյուղը, եւ այն անցնում է Զաքարյանների տոհմի ենթակայության ներքո: Զաքարյանները տիրել են ամրոցին մինչեւ 14-րդ դարում Լենկ Թեմուրի արշավանքը:

15-րդ դարի վերջին եւ 16-րդի սկզբին թնդանոթների ի հայտ գալով` ամրոցը կորցրեց ռազմավարական նշանակությունը, քանի որ դարձավ հեշտ խոցելի թիրախ:

1603 թվականին պարսից շահ Աբաս I-ը Անդրկովկասից արշավում եւ նվաճում է Հայաստանի զգալի մասը: Թուրքական սուլթանը Պարսկաստանի դեմ է ուղարկում ահռելի բանակ: Խուսափելով թշնամու գերազանցող ուժերի հետ մարտի բռնվելուց` պարսից շահը որոշում է նահանջել` ճանապարհին կործանելով և ամայացնելով մի շարք բնակավայրեր, որպեսզի արշավանքի ելած թուրքերը զրկվեին պարենից եւ կացարանից:

Շահի հրամանով` 1604-05 թթ. կործանվում են Հայաստանի մեծաթիվ քաղաքներ եւ գյուղեր, իսկ նրանց բնակիչներին բռնի տեղահանվում են Պարսկաստանի խորքերը: Նույնը վիճակված  էր նաեւ Բջնիի բնակիչներին:Այս իրադարձությունը պատմություն է մտել որպես «մեծ սուրգուն»` համատարած բռնագաղթ` հանգեցնելով հայ բնակչության կտրուկ նվազմանը:

Այնուհետեւ տարածվեց սոսկալի սով: Այնտեղ, որտեղ սովը հատկապես անտանելի էր, գրանցվել են մարդկակերության դեպքեր: Ըստ Ղարիբյանի` ասվում է, թե  Բջնիում բնակվող երկու քույրեր թափառականներին հրապուրում բերում էին տուն, ապա սպանում եւ ուտում էին նրանց:

Բջնիում պարսիկների ներկայությունը հավաստում է հնագետների պեղած քարը:

Վերադառնալով ամրոցի պատմությանը` Ղարիբյանը ուղեկցում է մեզ դեպի ստորգետնյա գաղտնուղու մուտքը, որը գործածական է եղել մինչեւ 19-րդ դարի կեսերը: Լեգենդի համաձայն` գաղտնուղին միացնում էր ամրոցն ու Աստվածածնի եկեղեցին: Սակայն, Ղարիբյանի պնդմամբ, դա չի համապատասխանում իրականությանը: Դեռեւս պեղումների ժամանակ գյուղի ծերերը վկայել էին, որ գաղտնի գետնուղին ձգվել է դեպի գետը:

Տների եւ զանազան կառույցների շինարարության հետեւանքով այժմ գետնուղուց պահպնվել է միայն մի հատված: Այսօր այն մեզ տարավ գյուղի բնակիչներից մեկի` Աշոտ Խաչատրյանի բանջարանոց: 

Տեսնելով մեզ` նա հյուրասիրեց մրգեր եւ ցույց տվեց ոչ մեծ թանգարան, որ հիմնել էր իր տանը: Դարակաշարերին դրված էին պեղումների ժամանակ գտնված եւ հիմնականում տեղային նշանակությամբ ձեռակերտ իրեր:

Լայնորեն տարածված է այն առասպելը, որ որոշ ժամանակ Աշոտ 2-րդ Երկաթը ապրել է այս ամրոցում։ Դա չի համապատասխանում ճշմարտությանը, ասում է Ղարիբյանը եւ ընդգծում. «Նրա կառավարման տարիներին ամրոցը բարձիթողի վիճակում էր»։

Այսօր պատմամշակութային կառույցների առատության մեջ Բջնին տուրիստական գոտի չէ, չնայած որ գտնվում է մայրաքաղաքից մեկ ժամվա ճանապարհի վրա: Որպեսզի գյուղը վերածվի տուրիստական Մեքքայի, անհրաժեշտ է իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Բավարար միջոցներ դրա համար դեռ չի հատկացվում։

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ