News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Անտեղյակ մարդը կարող է անցնել այս տեղով եւ չհասկանալ, թե այն իրականում ինչ է: Առաջին հայացքից պարզապես քարերի կույտ է, եւ առանց մասնագետի բացատրության` դժվար է պատկերացնել, որ անմիջապես ոտքերիդ տակ ամփոփված է մարդկության հազարամյա պատմության մի դրվագ: (ֆոտոռեպորտաժ)

Քարաշամբ. այդպես է կոչվում այն գյուղը, որի մոտերքում արդեն մի քանի տարի աշխատում է ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը:

Այստեղ պեղումները սկսվել էին դեռեւս խորհրդային տարիներին: 1980 թվականին այժմ հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը, ժամանակակից սերնդին առավելապես հայտնի որպես քաղաքական գործիչ, զբաղվելով իր առաջին մասնագիտությամբ` հնագիտությամբ, այստեղ գտել է արքայական դամբարան: Դամբարաում գտնվել է քանդակադրոշմով հազվագյուտ գավաթ` թվագրվող մ.թ.ա. 22-21 դդ., որն այժմ ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում: Դամբարանում գտնվել են նաեւ այլ իրեր, ինչպես նաեւ` զոհաբերված կենդանիների ոսկորներ: Այս ամենը վկայում է, որ հազարամյակներ առաջ այստեղ եղել է զարգացած թագավորություն:

Հնագետ Վարդուհի Մելիքյանը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ 1980-ական թթ. այս տարածքը բաշխվել էր մի քանի հիմնարկների` որպես ամառանոցային հողակտորներ: Շինարարական առաջին իսկ աշխատանքների ժամանակ բացվել էին հնագիտական ձեռակերտներ, եւ հրավիրվել էին մասնագետներ:

Ամառանոցները,  այդուհանդերձ, կառուցվել էին, բայց նրանց արանքում թողնվել էր 3,5 հեկտար հողատարածք, որը հնագիտական բացառիկ հուշարձան է: Աշխատանքների ընթացքում, որոնք սկիզբ առան 2009 թ., հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակիցներն այստեղ նշագրեցին մեծ դամբարանադաշտ` 776 գերեզմանոցով: Պեղումները ցույց տվեցին, որ այդ տարածքում մարդկանց հուղարկավորել են մոտ 1000 տարիների ընթացքում` մ.թ.ա. 20-7 դդ.:

«Մեր գլխավոր նպատակը թաղման ծեսի ուսումնասիրությունն է: Սա այն ծեսն է, որ հարյուրամյակների ընթացքում կրել է չնչին փոփոխություններ: Խոսքը այն շրջանի մասին է, երբ չկային գրավոր աղբյուրներ: Թաղման ծեսը մեզ տալիս է բավականին հստակ պատկերացում մարդկանց կենցաղի, հնագույն հասարակության սոցիալական կառուցվածքի, ժողովրդագրության, ինչպես նաեւ նրանց կրոնական պատկերացումների մասին»,- ասում է Վարդուհի Մելիքյանը:

Քարաշամբում դամբարանները շատ խիտ են տեղակայված, յուրաքանչյուր գերեզման զատված է շրջանագծով շարված քարերով` կրոմլեխով, իսկ կենտրոնում դրված է քարե սալ: Դա հատկապես պարզ երեւում է կադրերում, որ արվել են անօդաչու թռչող սարքից: Մեծ դամբարանաթմբերը, բացատրում է հնագետը, քարե սալով ծածկված չեն եղել, նրանք ունեցել են փայտե ծածկեր:

Վարդուհի Մելիքյանը մեզ ցույց է տալիս վերջերս պեղված ուշ բրոնզեդարյան գերեզմանոց: Այնտեղ թաղված էին երկու մեծահասակ եւ մեկ երեխա` ամենայն հավանականությամբ, ընտանիք: Այդ շրջանի հուղարկավորություններին բնորոշ էր այն, որ հանգուցյալներին դնում էին աջ կամ ձախ կողքի վրա, կամ բերանքսիվայր, ձեռքերն ու ոտքերը ծալած, ինչպես մոր արգանդում: Հուղարկավորել են նաեւ առանձին գլուխներ:

Հնագետները եւս մի քանի օր կծախսեն, որպեսզի այդ գերեզմանից խնամքով հանեն բոլոր ոսկորները եւ իրերը, այնուհետեւ այդ ամենը պետք է արձանագրվի եւ ուղարկվի ինստիտուտ` հետագա ուսումնասիրության համար:

Ճիշտն ասած, գերեզմանատեղի իջնելու եւ հազարամյա ոսկորների հետ «սելֆի անելու» գայթակղությունը մեծ էր, եւ միայն ինչ-որ բան վնասելու վախը կասեցրեց մեր նկարահանող խմբին: Թեեւ, ինչպես հետո պարզվեց, արշավախմբի աշխատակաիցներն իրենք իսկ «մեղքից» զերծ չէին. մի քանի այդպիսի նկար փակցված էր նրանց ֆեյսբուքյան էջերին:

Մասնագետները հուսով են, որ պեղումների ավարտից հետո այս վայրը կվերածվի արգելոցի` իր թանգարանով, ուր կցուցադրվեն գերեզմաններից հանված գտածոները: Եւ նաեւ, որ Քարաշամբը կընդգրկվի հայաստանյան զբոսաշրջային երթուղիներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ