News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արդեն կես տարի Նելլին իր օրն սկսում է բակի ծաղիկները խնամելով եւ դրանց հետ զրուցելով: Այդպես նա իրեն ավելի մոտ է զգում ամուսնուն. Ռուդիկը սիրում էր ծաղիկներ, նրա հորդորով էր Նելլին տան բակը ծաղկանոցի վերածել։

«Աշխարհում ինչքան մաքուր ու գեղեցիկ բան կա, սիրում էր։ Ասում էր`մեր բակում միշտ ծաղիկներ պետք է աճեցնենք: Հիմա, իրենից հետո, հաճախ եմ ծաղիկների հետ խոսում. մտածում եմ՝ իրենց միջոցով կլսի ինձ…»:

Նելլիին միշտ զարմացրել է ամուսնու հակասական բնավորությունը՝ մի կողմից խիստ զինվորական, մյուս կողմից՝ բարի, հոգատար ամուսին ու հայր երկու դուստրերի համար։ Բայց տարիներ առաջ հենց իր այդ հակասական կերպարով Ռուդիկը գրավեց Նելլիի սիրտը, որին հանդիպել էր հարեւանի տանը` ծննդյան խնջույքի ժամանակ ու միանգամից սիրահարվել։

Նելլին ամուսնու խստությունից չէր նեղվում, հասկանում էր՝ նրանից է, որ չափազանց շատ է անհանգստանում իրենց համար։

«Ինքը մեր նկատմամբ շատ հոգատար էր, դրա համար էլ խիստ էր…տուն որ գալիս էր միանգամից հասկանում էինք, որ տրամադրություն չունի, կամ էլ հակառակը…խիստ էր, բայց կյանքով լեցուն էր, սիրում էր ուրախանալ, նաեւ շրջագայել: Ու ամեն ինչ անում էր, որ մեր աղջիկներն էլ լավ կրթություն ստանան, ամեն ինչով ապահովված լինեն, աշխարհ տեսնեն: Իրենից հետո էլ հիմա ես եմ ամեն ինչ անում, որ երեխաներս ոչ մի բանի կարիք չունենան, շատ չտխրեն»:

Համատեղ կյանքի ընթացքում Նելլին ամուսնուց սովորել է չընկճվել եւ անկախ դժվարություններից՝ շարունակել սիրել կյանքը։ 38–ամյա կինը թեեւ դժվարությամբ է կարողանում խնամել 16  եւ 18 տարեկան աղջիկներին, բայց չի հուսահատվում: Վարսահարդար է, աշխատում է Ստեփանակերտի գեղեցկության սրահներից մեկում։ Օրվա աշխատածը հազիվ է բավականացնում տան ծախսերին, բայց նրան ուժ է տալիս իրենց երեխաների համար արժանապատիվ ապագա ապահովելու ամուսնու ցանկությունը, ու հիմա էլ կորստի վիշտը իր մեջ խեղդելով՝  անում է ամեն ինչ, որպեսզի իրենց երբեմնի երջանիկ ընտանիքում պահպանի մայորի ստեղծած ներդաշնակ եւ ուրախ մթնոլորտը։ 

Ամուսնու կորուստը երիտասարդ կինը սգում է միայնության մեջ, մտովի զրուցում նրա հետ գիշերը եւ առավոտյան՝ բակի ծաղիկները խնամելիս...

39-ամյա մայոր Ռուդիկ Մովսեսյանը 22 տարվա հետախույզ էր, զոհվել է Մարտակերտում հակառակորդի անօդաչու սարքի պայթյունից ստացած բեկորային վնասվածքներից: Հետախույզը կրակ է բացել, ինչի արդյունքում անօդաչուն փոխել է ուղղությունը, հարվածել պատին ու պայթել: Նելլին վերջին անգամ նրա հետ խոսել էր հենց զոհվելու օրը` ապրիլի 4-ին, ամուսինը խոստացել էր, որ ամեն ինչ լավ է լինելու, միաժամանակ կնոջը պատգամել էր իրեն ու դուստրերին «լավ նայել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ