News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ պետք է գործով ապացուցի երկրի ներքաղաքական կյանքի վրա իր ազդեցության աստիճանը, կարծում են վերլուծաբանները: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, վերլուծաբան Էմիլ Սանամյանի խոսքով, հանրության կողմից կառավարության փոփոխությունը դիտարկվում է 2017-ին սպասվող ընտրությունների համատեքստում, որոնք Հայաստանը կդարձնեն խորհրդարանական երկիր, որի առաջին դեմքը վարչապետն է.

«Քանի որ Հայաստանը նախընտրական շրջանին է մոտենում, մարդկանց կողմից նոր վարչապետի նշանակումը դիտարկվում է Հայաստանի հաջորդ առաջնորդի ընտրության համատեքստում»:

Սանամյանի խոսքով, այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանը դիտարկվում էր որպես իշխանական համակարգին չպատկանող անձ եւ չունի Հայաստանի ներսում ազդեցության այն աստիճանը, որն ուներ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ուստի, այս նշանակումով հաջորդ առաջնորդի թեկնածության հարցը չի փակվում, քանզի համոզված եմ, որ իշխանության ներսում կան այլ գործիչներ, որոնք կարող են, սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, զբաղեցնել երկրի առաջնորդի տեղը», - նշում է Սանամյանը:

Վերլուծաբանի խոսքով, Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հիմնական պատճառը Սերժ Սարգսյանի քաղաքական գործելաոճն է: Այս նշանակումով ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանը փորձում է վնասազերծել առաջին հերթին Ռուսաստանում բարձրաստիճան կապեր ունեցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կարծում է վերլուծաբանը.

«Նա միշտ սիրում է պաշտպանողական գործելաոճով առաջնորդվել՝ Տիգրան Պետրոսյանի շախմատի ոճով»:

Էմիլ Սանամյանի խոսքով, նույն ոճը Սերժ Սարգսյանը կիրառել էր Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելիս։ Աբրահամյանը սերտ հարաբերություններ ուներ Գագիկ Ծառուկյանի հետ, երբ Ծառուկյանը փորձել էր կոշտ հակադրվել Սերժ Սարգսյանին, վերջինս վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին: Այնուհետեւ, պաշտպանված դիրքերից Սերժ Սարգսյանը հարված հասցրեց եւ վնասազերծեց Գագիկ Ծառուկյանին:

«Այս դեպքում, վտանգը սպառնում է Քոչարյանից, որը մերթընդմերթ քննադատությամբ է հանդես գալիս եւ Մոսկվայում ազդեցիկ ընկերներ ունի: Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին որպես վահան է օգտագործում, պաշտպանվելով Քոչարյանի կողմից սպառնացող հնարավոր վտանգից», - նշում է Էմիլ Սանամյանը:

Միեւնույն ժամանակ վերլուծաբանի խոսքով, եթե Կարեն Կարապետյանին չհաջողվի հաջորդ ամիսների ընթացքում ինքնուրույն քաղաքական գործոն դառնալ, ապա խորհրդարանական ընտրություններից հետո նա կարող է փոխարինվել վարչապետի պաշտոնում.

«Ես նրան չէի դիտարկի որպես բարեփոխումներ իրականացնող անձնավորություն: Նա ունի աջակցություն, սակայն այն ստացել է նախագահից: Իրական բարեփոխումներ եւ կառավարության ներսում իրական փոփոխություններ իրականացնելու համար ժողովրդի աջակցությունը նա չի ստացել»:

Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը նոր վարչապետի նշանակումը նույնպես նախընտրական շրջանի համատեքստում է դիտարկում: Նրա խոսքով, Կարեն Կարապետյանի նշանակումը սկզբնական շրջանում կբարձրացնի կառավարության վարկանիշը.

«Կարեն Կարապետյանը շատ ավելի ընկալելի ֆիգուր է այն իմաստով, որ նա կրթություն ունի, կարողանում է գրագետ արտահայտվել եւ չունի վատ համբավ»:

Այնուամենայնիվ, երկրի ներսում էական փոփոխությունների հասնել հնարավոր է ոչ թե նոր նշանակումների, այլ՝ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում, համոզված է վերլուծաբանը.

«Այսինքն՝ փոփոխություններ, որոնք կլինեն ընտրական ճանապարհով, թե չէ մեկը մյուսին փոխելով, նախարար հանելով, վարչապետ փոխելով ես չեմ ակնկալում, որ լրջագույն փոփոխություններ կարող են լինել»:

Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը պետք է միավորի բոլոր հայերին, այդ թվում եւ սփյուռքին, համոզված է վերլուծաբանը.

«Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Սփյուռքն իր քաղաքական օրակարգն ընդլայնի եւ Հայ դատի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի հետ միասին կենտրոնական հատվածում պահի Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները»:

Թաթուլ Հակոբյանի կարծիքով, հենց արդար ընտրությունների բացակայությունն է, որ Հայաստանին խանգարում է դիմակայել Մոսկվայի ճնշումներին.

«Երբ արդար ընտրությունների ճանապարհով չես կարողանում գալ իշխանության եւ ընտրությունները կեղծում ես, բնականաբար, չունենալով ներսում քո ժողովրդի աջակցությունն ու վստահությունը, ստիպված ես լինում օգնողներ փնտրել դրսում ու քանի որ այդ դերակատարությունը սիրով կատարում է Ռուսաստանը, Հայաստանն ավելի ու ավելի է թեքվում դեպի Ռուսաստան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ