Մանչեսթերում ավելի շատ քննադատում են Մոուրինյոյին Մխիթարյանին վնասվածքով խաղացնելու համար, քան Մխիթարյանին՝ մանչեսթերյան դերբիում իր վատ խաղի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է անգլիացի հայտնի մարզական լրագրող, մեկնաբան Ջոն Բրեդլին:
Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահայտնի ֆուտբոլիստն է այս պահին: Նախորդ տարվա Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի տեղափոխությունը շատ քննարկումների տեղիք տվեց: Անգլիական ֆուտբոլը լրիվ այլ է, դեռ վաղ է դատել, բայց կարծում եք` նա կհարմարվի՞ Պրեմիեր լիգային:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ քայլ է տեղափոխվել Անգլիական Պրեմիեր լիգա եւ միանգամից հաջողության հասնել: Հաշվի առնելով, որ նա վնասվածք ուներ եւ հիմնականում նստում էր պահեստայինների նստարանին, նրան դժվար էր արդյունք ցույց տալը: Հենրիխը տարբեր դրվագներում ցույց է տվել իր տաղանդը եւ հնարավորությունները, բայց երկրպագուներին իր լավագույնը ցույց տալու համար նա պետք է մշտական խաղային պրակտիկա ունենա:
«Սիթիի» հետ խաղից հետո Մոուրինյոն ասաց, որ Մխիթարյանը բաց կթողնի «Ֆեյնորդի» հետ խաղը: Հետո էլ լուրեր տարածվեցին, որ ձմռանը «Յունայթեդը» նոր կիսապաշտպաններ ձեռք կբերի: Կարծում եք՝ սա Մոուրինյոյի հերթական ծայրահեղ որոշումնե՞րն են:
Ես կասկած չունեմ, որ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է , ով կմնա «Մանչեսթերում» առաջիկա մի քանի մրցաշրջաններում: Պետք է հիշել, որ Մխիթարյանին ժամանակ պահանջվեց որպեսզի հարմարվի «Բորուսիային»՝ «Շախտյորից» տեղափոխվելուց հետո: Բայց Մխիթարյանը շատ խելացի երիտասարդ է, ով իրեն դրսեւորել գիտի թե խաղադաշտում, թե դրանից դուրս: Նրա համար ավելի հեշտ կլինի , երբ արդեն հարմարվի Անգլիայի կյանքին եւ Պրեմիեր լիգային: «Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին շատ բացեր ու խնդիրներ ունի, որոնք պետք է լուծի, ավելի մեծ քան այս պահին Մխիթարյանի խնդիրն է: Հաշվի առնելով այն, որ Ռունին վատ է սկսել մրցաշրջանը, զարմանալի չի լինի, եթե տեսնենք Հենրիխին որպես «10 համարի» տակ խաղացող ֆուտբոլիստ: Կարծում եմ նրա համար դա լավագույն դիրքն է, եւ մենք կտեսնենք, նրան «Օլդ Տրաֆորդում» հաջող հանդես գալիս:
Ի՞նչ են խոսում Մխիթարյանի մասին անգլիական մամուլն ու երկրպագուները:
Մխիթարյանը շատ ճանաչված է Անգլիայում արդեն մի քանի մրցաշրջան է: Նախ իր հիանալի խաղով «Շախտյորում», հետո նա շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, բայց ընտրեց Դորտմունդը: Այսպիսով երկրպագուները գիտեին նրա տաղանդների մասին: Իհարկե, մանչեսթերյան դերբին նրա լավագույն խաղը չէր, բայց շատերը գիտեին, որ նա խաղում էր Հայաստանի հավաքականի խաղում վնասվածք ստանալուց հետո: Եվ Ժոզե Մոուրինյոյին քննադատել էին ավելի շատ, քան Մխիթարյանին իր խաղի համար: Երեկ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանն ասաց, որ Մխիթարյանին ժամանակ է պետք հարմարվելու համար Անգլիայի Պրեմիեր լիգային: Նա Մխիթարյանին նկարագրեց, որպես յուրահատուկ տաղանդի տեր ֆուտբոլիստի, ով կարող է փոխել խաղերը: Շատերն են այսպես վերաբերվում Մխիթարյանին Անգլիայում: Հենրիխին ժամանակ պահանջվեց, որպեսզի Գերմանիայում էլ հարմարվի: Երբ դա նրան հաջողվեց, նա դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ես վստահ եմ՝ նա նույնը այստեղ կանի:
Մխիթարյանի դիրքի համար մեծ մրցակություն կա: Կարծում եք՝ նրան կհաջողվի՞ հաղթել այդ պայքարում:
Հենրիխին բերել են «Մանչեսթեր» որպեսզի թիմն առաջ շարժվի: Նա թիմի կարեւոր մասնիկն է եւ վստահ եմ, որ կդառնա թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա շատ տաղանդավոր է, որպեսզի նստի պահեստայինների նստարանին երկար ժամանակ: Եվ երբ Մոուրինյոն լուծի թիմի խնդիրները, նա կտեսնի որ Մխիթարյանը դառնում է «Օլդ Տրաֆորդի» թիմի անբաժանելի մասնիկը:
Վերա Մարտիրոսյան