News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիայում զինադադարի պայմաններում ամենաթույլը ԱՄՆ դիրքերն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարում է Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամը ամենաբարդ հակամարտություններից մեկն է, որտեղ շատ խաղացողներ կան՝ ոչ միայն ներքին (փոքր խմբավորումներ, որոնք էականորեն ներգործում են հակամարտության դինամիկայի վրա), այլեւ ներգրավված պետություններ (ինչպես հարեւան երկրները, այնպես էլ տարածաշրջանի մեջ չմտնող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները):

«Թուրքիայի ներխուժումն ակնհայտորեն փոխեց ուժերի հավասարակշռությունը, որի հետեւանքով որոշ ուժերի դիրքերը թուլացան, իսկ որոշ ուժերինը՝ ամրապնդվեցին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, որը չի մտնում տարածաշրջանի երկրների մեջ եւ այնտեղ ավելի շուտ միջնորդավորված պատերազմ է վարում, հասկացել է, որ հակամարտությունը կարող է վերահսկողությունից դուրս գալ, ուստի Ռուսաստանի հետ համաձայնության գալու անհրաժեշտություն առաջացավ»,- նշում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հատկապես սա էր անցյալ տարվա սեպտեմբերից՝ Սիրիայում գործողություններ սկսելուց հետո Ռուսաստանի հետապնդած նպատակը, որպեսզի իր հետ հաշվի նստեն որպես աշխարհաքաղաքական խաղացողի: «Որքան էլ թերագնահատենք Ռուսաստանի քաղաքականությունը, Մոսկվան Թուրքիային ստիպեց իր կողմը թեքվել, այնուհետեւ Թուրքիայի միջոցով Սիրիայում այնպիսի վիճակ ստեղծեց, որ Միացյալ Նահանգները հանուն հակամարտության կառավարման Ռուսաստանի հետ գործարքի գնաց: Այնուամենայնիվ, այդ զինադադարը բավական փխրուն է: Եվ ԱՄՆ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական թեւի պաշտոնյաները հստակ հայտարարել են, որ կասկածում են զինադադարի երկարաժամկետ բնույթ կրելուն»,- նշում է փորձագետը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւս հայտարարել է, որ «միասնական Սիրիայի պահպանման տեսակետից դա կարող է վերջին հնարավորությունը լինել»: «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը պատահական չէ, քանի որ Սիրիայի միասնականության պահպանմամբ շահագրգռված են Բաշար Ասադը եւ նրան պաշտպանող Ռուսաստանը: Բնական է, որ ԱՄՆ-ին ոչինչ չի մնում անելու, քան Ռուսաստանին հասկացնել, որ եթե համաձայնագիրը չպահպանվի, իսկ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա, ապա, ըստ էության, հարկ կլինի դիմել Սիրիայի բաժանման սցենարին: Քերրին դա չի ասել, բայց դա ակնհայտ ակնարկ է»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ դա այն քայլն է, որի միջոցով ԱՄՆ-ը զգուշացնում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային՝ պետություններ, որոնք վախենում են Սիրիայի բաժանումից: «Այդ դեպքում առաջ է մղվում նաեւ քրդական տարածքների խնդիրը, եւ Թուրքաին դրանից մահու չափ վախենում է: Բայց ինչո՞ւ է Քերրին հատկապես այդպիսի զգուշացումներ ուղղում: Քանի որ ներկայիս զինադադարի պայմաններում ամենաթույլը ԱՄՆ դիրքերն են. ԱՄՆ-ը ստիպված էր Թուրքիայի ներխուժման եւ Ռուսաստանի միջամտության արդյունքում խնդրել կամ համաձայնել կրակի դադարեցմանը: Հետեւաբար, ԱՄՆ-ին ոչինչ չի մնում, բացի այն, թե ինչպես կօգտագործի ռազմավարական վերջին զենքը՝ նախազգուշացումը, որ Վաշինգթոնն այլեւս չի պաշտպանի միասնական Սիրիայի գաղափարը»,- նշում է փորձագետը՝ հավելելով, որ Սիրիայի հնարավոր բաժանումը կարող է մահացու հարված լինել նույն Թուրքիային, եթե ստեղծվի քրդական պետությունը:

Նա ընդգծում է, որ տվյալ պահին սիրիական հակամարտությունը բավական վտանգավոր փուլում է: «Ուղարկված մեսիջները հուշում են, որ հակամարտությունն անհավասարակշռությանն անչափ մոտ է: Եվ բավական է մի փոքրիկ կայծ, որը կհանգեցնի այն սցենարին, որի մասին ԱՄՆ-ն ակնարկում է»,- ամփոփում է Ստեփան Սաֆարյանը:

Նշենք, որ Մոսկվան քանիցս իր զարմանքն է հայտնել, որ Վաշինգթոնը չի ցանկանում հրապարակայնացնել սեպտեմբերի 9-ին Ժնեւում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի միջեւ 14-ժամյա բանակցություններից հետո ձեռք բերված համաձայնությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Սիրիայի բանակի եւ ԶՈւ բարձրագույն հրամանատարությունը հայտարարել է 7-օրյա զինադադարի մասին: Ահաբեկչական խմբավորումների կողմից զինադադարի կանոնավոր խախտումների եւ կառավարական զորքերի դիքերի վրա ԱՄՆ հասցրած հարվածների  հետեւանքով վերջինս հարկադրված էր հրաժարվել իր նախաձեռնությունից եւ վերադառնալ ռազմական ակտիվ գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ