News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի տնտեսությունը դուրս է եկել դեֆլյացիայի վիճակից, որում գտնվում էր վերջին 15 տարվա ընթացքում: Այդ մասին չորեքշաբթի պաշտոնապես հայտնել է Ճապոնիայի Կենտրոնական բանկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Գների շարունակական անկման տեսանկյունից դեֆլյացիան ավարտվել է», - ասված է Ճապոնիայի ֆինանսական գլխավոր կարգավորիչի պաշտոնական հայտարարության մեջ: Կենտրոնական բանկի հայտարարության ֆոնին, որն արվել է երկօրյա նիստի արդյունքում, ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը գրեթե երկու կետով ամրապնդել է իր դիրքերը իենի նկատմամբ` դուրս գալով դոլարի դիմաց 102 իենի մակարդակի: Ազգային արժույթի թուլացած փոխարժեքը ձեռնտու է ճապոնական խոշոր կորպորացիաներին, որոնք կողմնորոշվում են դեպի արտաքին շուկաներ:  

Միաժամանակ Կենտրոնական բանկը խոստովանել է, որ առայժմ չի հաջողվում իրականացնել տարեկան 2 տոկոսի մակարդակում վերահսկվող ինֆլյացիա ունենալու խնդիրը: Պատճառների թվում, ի թիվս այլոց, նշվում է նավթի  համաշխարհային գների անկումը:  Ճապոնիայում ավելի քան 15 տարի տեւած դեֆլյացիան հանգեցրել է արտադրության կրճատման, ներդրումների եւ բնակչության եկամտի նվազման: Դրա դեմ պայքարի համար Ճապոնիայի Բանկը գերփափուկ դրամական քաղաքականություն էր վարում` 80 տրլն իենով (մոտ 752 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) ընդլայնելով երկրում դրամական բազան պետական փոխառության տոմսերի եւ այլ արժեթղթերի գնման հաշվին: 

Ճապոնիայի տնտեսությունը դեֆլյացիայից հանելը վարչապետ Սինձո Աբեի տնտեսական քաղաքականության կետերից մեկն է, որը «աբենոմիկա» անվանումն է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ