News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ Ղրիմի գրավումը խափանեցին անվտանգության եվրոպական ճարտարապետությունը: Լեհաստանում, Մերձբալթյան երկրներում եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում վախեր ի հայտ եկան ռուսական սպառնալիքի հանդեպ: Այս մասին նշել է շվեյցարական Tagesanzeiger թերթի մեկնաբան Վինչենցո Կապոդիչին:

Նա հիշեցնում է, որ իր դաշնակիցներին պաշտպանելու համար ՆԱՏՕ-ն անցած տարվանից Արեւելյան Եվրոպայում սկսել է իր ներկայությունը մեծացնել: Չնայած դրան, արեւելաեվրոպական երկրների մայրաքաղաքներում մեծ թափով բանավեճեր են ընթանում սեփական պաշտպանական դաշինք ստեղծելու շուրջ, իսկ հատկապես «Ինտերմարիումի» կամ «Միջծովերի»:

Դաշինքի մեջ պետք է մտնեն Բալթիկ եւ Սեւ ծովերի միջեւ գտնվող երկրները, իսկ այն Ռուսաստանին պետք է ազդարարի պաշտպանությանը ընդհանուր պատրաստվածության մասին: Ըստ որում՝ այսպիսի կոլիցիայի մեջ կարող են մտնել ինչպես ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այնպես էլ այդպիսին չհանդիսացողները: Ինչպես հեղինակն է նշում, նաեւ՝ Վրաստանն ու Մոլդովան, որոնք գտնվում են անվտանգության «գորշ գոտում», քանի որ ՆԱՏՕ մտնելու նրանց ցանկությունը տեսանելի ապագայում չի իրականանա:

«Ինտերմարիումի» կողմնակիցներից մեկն է Կիեւի Եվրատլանտյան համագործակցության ինստիտուտի փորձագետ Անդրեաս Ումլանդը:

Ումլանդի կարծիքով՝ դաշինքի մեջ պետք է մտնի նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական արբանյակ պետությունների եւ հանրապետությունների մեծ մասը, հատկապես Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը: «Այդ դաշինքը կարող էր ընդունելի տարբերակ լինել նաեւ Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի եւ նույնիսկ Բելառուսի, Ադրբեջանի ու Հայաստանի համար, եթե այդ երկրներում փոխվեր ներքաղաքական իրավիճակը»,- նշում է Ումլանդը:

Դրա հետ մեկտեղ, դաշինքը «սպառնալիք չէր ներկայացնի Ռուսաստանի անվտանգությանը, քանի որ անդամ երկրները միջուկային զենք չունեն», համոզված է Ումլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ