News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության խորհրդում Սլովակիայի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Բրատիսլավայում կայացել է «Պրահայի գործընթաց»-ի երրորդ նախարարական խորհրդաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ։ Հանդիպումը նախագահում էր Սլովակիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռոբերտ Կալինյակը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պրահայի գործընթացը քաղաքական գործընթաց է՝ ուղղված մասնակից երկրների միջեւ միգրացիայի ոլորտում գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ու զարգացմանը: Գործակցության այս ձեւաչափին մասնակցում են 50 պետություններ, այդ թվում` ԵՄ անդամ պետությունները, Արեւելյան գործընկերության եւ այլ երկրներ:

Երրորդ նախարարական հանդիպմանը մասնակցած 47 պետությունների նախարարները, միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները եւ բարձրաստիճան պաշտոնյաները վերահաստատեցին իրենց հանձնառությունը Գործընթացի նկատմամբ, մատնանշեցին առավել կարեւոր միգրացիոն խնդիրները եւ ուրվագծեցին այն որոշումները, որոնք կկարողանան ձեւավորել ապագայի միգրացիոն քաղաքականությունը։

Համաժողովի բանախոսներն ընդգծել են, որ միգրացիոն տարբեր ենթաոլորտներին, մասնավորապես` սահմանների կառավարմանը, ապաստանի տրամադրմանը, վերադարձին, անկանոն միգրացիային առընչվող մարտահրավերների լուծումները պետք է մշակվեն միասնական ջանքերով:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր ելույթում ներկայացրեց Պրահայի գործընթացի 2012-2016թթ. գործողությունների ծրագրին համապատասխան ՀՀ-ում կատարած աշխատանքները եւ ընդգծեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու գործակցությունն այս կարեւոր միջազգային ձեւաչափում։ ՀՀ դեսպանը ողջունեց միգրացիոն հարցերով ուսումնական ակադեմիա հիմնելու Չեխիայի նախաձեռնությունը։

Իր խոսքում դեսպան Սեյրանյանը նաեւ անդրադարձավ սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանն ընդունել է 20 հազարից ավելի փախստականներ Սիրիայից եւ Իրաքից, որը բնակչության թվի հարաբերակցությամբ Եվրոպայի ամենաբարձր ցուցանիշներից է։ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ թեպետ ներգաղթյալների մի մասն իրենց կարողությունների եւ պետական աջակցության շնորհիվ կարողացել է ինտեգրվել հայաստանյան հասարակությունում, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությանն ունի աջակցության կարիք եւ այս հարցում ակնկալում է եվրոպական համապատասխան կառույցների օժանդակությունը:

Քննարկումների արդյունքում նախարարական համաժողովն ընդունեց համատեղ հռչակագիր, 2017-2021թթ. գործունեության մանդատ տվեց Գործընթացին։ Հռչակագրով նախատեսվել է, որ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը տեղի կունենա փորձագետների հանդիպում, որի ընթացքում, ելնելով արդի առաջնահերթություններից, կմշակվի Գործընթացի՝ 2017-2021թթ. գործողությունների ծրագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ