Հայաստանի դիվանագիտությունը շատ տեսանելի եւ կառուցողական դերակատարություն է ծավալել միջազգային ասպարեզում։ Այս մասին, սեպտեմբերի 24-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտություն հայտնեց իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպության աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար եւ ընդգծեց, որ Հայաստանի դիվանագիտությունը շատ տեսանելի եւ կառուցողական դերակատարություն է ծավալել միջազգային ասպարեզում, ոչ միայն իր առաջնայնությունների առումով, այլեւ ՄԱԿ-ի առջեւ ծառացած խնդիրների լուծման նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ արդյունավետ համագործակցությունը, ու շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջնորդության, նախաձեռնությունների եւ գործադրած ջանքերի համար՝ ուղղված ՄԱԿ-ի կանոնադրության արժեքների, նպատակների ու սկզբունքների առաջ մղմանը։
Զրուցակիցները քննարկեցին ՄԱԿ-ի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Բան Կի-Մունը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հեղինակած գիրքը, որում ամփոփված է վերջին տաս տարիներին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա գործունեությունը։