News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 25-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի Քարվաճառի շրջանի հինգ գյուղերից 24 դպրոցականների, ում Հայոց Հայրապետն Արցախ այցի ժամանակ` սեպտեմբերի 9-ին, Դադիվանքում հրավեր էր ուղղել այցելել Մայր Աթոռ:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Դադիվանքի վանահայր Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը եւ Դադիվանքի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը քարվաճառցիների անունից շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին պատանիներին ուղղված անձնական հրավերի եւ Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` վստահություն հայտնելով, որ այդ սերմերը անպայման բարի պտուղներ կտան:

Այնուհետեւ ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Շատ ոգեւորված էինք, երբ ձեզ հանդիպեցինք Դադիվանքում եւ տեսանք ձեր ջերմ վերաբերմունքը, սերն ու նվիրումը ձեր վանքի եւ ազգային սրբությունների հանդեպ: Տեսանք, որ ձեր ծնողների քաջ զավակներն եք, որ նույն նախանձախնդրությամբ պիտի պաշտպանեք այդ ամենը` ձեր Հայրենիքը», - ասաց Նորին Սրբությունը` ուրախություն հայտնելով մանուկների Մայր Աթոռ այցի առիթով:

Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս այցը լավ առիթ կդառնա երիտասարդների համար` ճանաչելու Հայրենիքը, զորանալու իրենց հայրենասիրական զգացումների մեջ եւ գոտեպնդվելու հավատով:

Նորին Սրբությունը մանուկների հետ զրուցեց նաեւ այցից իրենց տպավորությունների եւ առօրյայի մասին, ամենքին բաշխեց նվերներ:

Եռօրյա այցի ընթացքում պատանիները, մնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, հոգեւորականների ուղեկցությամբ եղան Մայր Աթոռի թանգարաններում եւ կառույցներում, Էջմիածին քաղաքի վանքերում եւ եկեղեցիներում, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան եւ Հայաստանի Ազգային պատկերասրահ: Տաղանդաշատ մանուկներն ազգային երգի ու պարի կատարումներով մասնակցեցին Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած համերգին:

Տպել
Ամենաշատ