News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները սուր քննադատության են ենթարկել միջազգային վարկանիշային Moody’s ընկերության կողմից երկրի վարկային վարկանիշի իջեցումը` այն քաղաքական անվանելով: Թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ Անկարայում այդ կապակցությամբ կապիտալի լուրջ արտահոսք չեն ակնկալում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Սեպտեմբերի 24-ին Moody’s-ը Թուրքիայի վարկանիշն իջեցրել է մինչեւ շահարկային` «Ba1» մակարդակի` դա պատճառաբանելով «ոչ կայուն ֆինանսական եւ գեոպոլիտիկ իրավիճակով», այդ թվում` հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:  

«Moody’s  գործակալության կողմից գնահատականը բացարձակապես քաղաքական է: Եթե ուսումնասիրենք հաղորդագրության տեքստը, այն քաղաքական վերլուծություն է ներառում: Մենք դժվարանում ենք հասկանալ, թե ինչու են   Moody’s-ի վերլուծաբանները սեպտմբերի 21-ին արված վերլուծությունից հետո երկու օրում լրիվ հակառակ ուղղությամբ ընթացել», - լրագրողներին հայտնել է Քուրթուլմուշը կառավարության նիստից հետո: 

Նա հիշեցրել է վերջերս ԱՄՆ այցի ընթացքում օտարերկրացի ներդրողների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ երկրի իշխանությունները միջոցներ են ձեռք առնում արտադրության աճի եւ տնտեսության իրական սեկտորի ամրապնդման համար:  «Մենք որեւէ գործակալության կողմից վարկանիշի իջեցումը որպես աշխարհի վերջը չենք դիտարկում: Մենք շարունակում ենք մեր ուղին եւ կվերացնենք բոլոր բացասական հետեւանքները, որոնց հանգեցրել է հեղաշրջման փորձը», - նշել է փոխվարչապետը: 

Քուրթուլմուշը նաեւ ընդգել է, որ պատճառ չի տեսնում կապիտալի այնպիսի արտահոսքի համար, որը կարողանար «անհանգստացնել տնտեսությանը»: «Հնարավորության մասին են խոսում, ես դա չեմ տեսնում: Համոզված եմ, որ զգալի արտահոսք չի լինի: Ես դա   (իրավիճակը) դիտարկում եմ որպես հուլիսի  15-ի երկրաշարժից հետո մնացորդային ցնցումներ, եւ Թուրքիան կհաղթահարի դրանք», - ասել է նա:

Թուրքիայի առեւտրի եւ մաքսատան նախարար Բյուլենտ Թյուֆենկջին այսօր հայտնել է, որ իր կանխատեսումների համաձայն, երկրի տնտեսությունը 3-4 եռամսյակներում կշարունակի աճը, իսկ տարեվերջին այն մոտ  4 տոկոս կկազմի: Գերատեսչության ղեկավարը նաեւ Թուրքիայի վարկանիշի նվազեցումը քաղաքական որոշում է կոչել: «Մինչ օրս Թուրքիայի վերաբերյալ վարկանիշային գործակալությունների կանխատեսումները մեծ մասամբ չեն իրականացել: Moody's'-ի որոշումը եւս չի արտացոլում իրականությունը», - նախարարին է մեկնաբանում Habertürk հեռուստաալիքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ