News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2798»-ը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երեւան՝ արեւի քաղաք» կարգախոսով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Էրեբունի-Երեւան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ ներկայացնելով «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Նրա խոսքով, այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին,  «Երեւան՝ արեւի քաղաք» կարգախոսով:

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգն ու Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:

«Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝  դեռեւս այս տարվա մայիսին Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ  փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ», - ընդգծել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի արդեն մի քանի տարի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:

Անդրադառնալով հիմնական միջոցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մեր համաքաղաքացիների եւ այդ օրերին Երեւանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարկներում, զբոսայգիներում եւ բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում եւ տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթեւեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն  Էրեբունի փողոցը եւ Աբովյան փողոցի մի հատվածը:

«Երեւան՝ արեւի քաղաք» կարգախոսին համապատասխան մայրաքաղաքն այս տարի կձեւավորվի կարմիր եւ ծիրանագույն երանգներով, որոնք կխորհրդանշեն արեւի ճառագայթները: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ տոնական ձեւավորում կստանան ինչպես մայրաքաղաքի փողոցներն ու կամուրջները, այնպես էլ տրանսպորտային միջոցներն ու քաղաքային գույքը: Տոնի մասին կհուշեն նաեւ գովազդային վահանակներին փակցված պաստառներն ու հոլովակները:

«Բոլոր տնտեսվարողներին եւ կազմակերպություններին բաժանվում են համապատասխան ուղեցույցներ, որոնք կհուշեն, թե ինչպիսի ձեւավորում պետք է իրականացնեն վերջիններս, որպեսզի մայրաքաղաքն այդ օրերին ամբողջական ու միասնական տեսք ստանա»,-նշել է Արազ Բաղդասարյանը:

Տպել
Ամենաշատ