News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արթիկի հունիսի 24-ի հեղեղումից տուժած Մոնղորյանների տան պատերը դեռ խոնավ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը՝ Լեւոն Մոնղորյանը:

«Պատերը շպատլյովկա էին արել, երկու սենյակինը թափվեց խոնավությունից: Կրկնակի ծախս պիտի անենք հիմա: Բացի այդ էլ` եղանակից է կախված` մինչեւ ձմեռ ենթակա կլինի տունը ապրելու, թե չէ»,- ասաց Լեւոն Մոնղորյանը:

Լեւոն Մոնղորյանը նշեց, որ 3,5 միլիոն դրամ փոխհատուցումը բավական չի եղել, եւս մեկ միլիոն դրամի կարիք ունեն:

«Մի պատը քանդել, նորից ենք կառուցել, հատակն ենք փոխել: Հիմա էլ ոչ մի բան չունենք, որ հետ գանք, ոչ  մի տեսակի կահույք չունենք»,- ասաց նա:

Մոնղորյանների 7-հոգանոց ընտանիքն այժմ վարձով է բնակվում: Լեւոն Մոնղորյանը նշեց, որ քաղաքապետարանը մեկ ամսվա վարձը փոխհատուցել է, հետո` հրաժարվել` պատճառաբանելով, որ գումար չկա: Վարձը կազմում է 15 հազար դրամ:

Հիշեցնենք, որ քաղաքապետը նախկինում հայտատարարել էր, որ իրենք կվճարեն վարձավճարները:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները: Ջուրն ու դրա խիճը լցվել էին տներ, ամբողջությամբ վնասելով պատերը, տան գույքը: Ջրալցվել էր ոմանց անասնագոմը, անասունները՝ մեջը:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:

Բնակիչները տարբեր չափի՝ մինչեւ 4 միլիոն դրամի փոխհատուցումներ են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ