News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում «Կոմիտաս» միջազգային փառատոն համաժաողովի շրջանակներում կայացել են Հոու-Շոու դպրոցի հյուրախաղերը, որը ներկայացնում է ճապոնական Noh ավանդական թատրոնի ուղղությունը (ֆոտոռեպորտաժ):

Հյուրախաղերի ընթացքում հայ հանդիսատեսին են ներկայացվել 2 ներկայացում՝ սեպտեմբերի 26-ին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում եւ սեպտեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հյուրախաղերի անցկացման գաղափարը իրականացվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյձի Տագուտիի շնորհիվ:

Ներկայացումներին մասնակցել են Հոու-Շոու դպրոցի գլխավոր դերասան եւ ուսուցիչ Մասայուկի Ֆուձին, Մանջիրո Տացումին, նրա ավագ որդի Կազումա Տացումին, Մասայուկի Ֆուձիի ավագ որդի Շուգա Ֆուձին, Սատոկո Կաշիվայաման, Էյտարո Օկուբան, Կայու Օմուրան, Տակահիսա Սուդան, Յոկո Կամիյաբուն:

 Սկզբում Մասայուկի Ֆուձին դասախոսություն կարդաց այն  մասին, թե ինչ է Noh ավանդական ուղղությունը: Այնուհետեւ սկսվեց բուն գործողությունը՝ 10-15 րոպե տեւողությամբ ներկայացումներ՝ «Բենկեյը նավի վրա» եւ «Ցամաքային սարդը», Noh-ի երաժշտական գործիքները, Ֆլամենկոյի տեսքով ներկայացված սիրո պատմությունը, «Յաշիման», թատերական հագուստ կրելու արվեստը: Այդ ամենն ուղեկցվում էր մեծ եւ փոքր թմբուկների, հին ճապոնական կիթառների նվագակցությամբ:

Noh թատրոնի պատմությունը սկսվում է 14-րդ դարից: Թատրոնը տարածված է մտավորականության շրջանում: Ձեամին, որը Noh թատրոնի մեծագույն դրամատուրգն է ու տեսաբանը, այս ուղղությունը զարգացրել է սյոգուն Ասիկագա Յոսիցունեի հովանավորությամբ: Այս արվեստը սերնդեսերունդ է փոխանցվել: Ինչպես Noh-ն, ֆլամենկոն եւս հիմնադրվել է Հյուսիսային Հնդկաստանում: Noh-ի եւ ֆլամենկոյի միախառնման արդյունքում կարծես հանդիպում են Արեւելքն ու Արեւմուտքը:

Noh թատրոնում դերասանները դիմակներով են ելույթ ունենում: Դիմակներից մի քանիսը ավելի քան 300 տարեկան են: Ինչպես Ճապոնիայում մասնագիտություններից շատերը, դերասանի մասնագիտությունը եւս ընտանեկան բնույթ ունի: «Դա փոխանցվում է սերնդեսերունդ: Դերասան են հայրը, պապը: Որդին է դերասան, եւ թոռը նույնպես թատրոնում կլինի»,- նշել է Ֆուձին սանը:

Տղաները թատրոնում սկսում են խաղալ 3 տարեկանից: Եթե շարունակում են խաղալ 50 տարի, նրանք կճանաչվեն որպես Ոչ նյութական կարեւոր արժեքի պահապան: Կարիերայի եւս 20 տարին նրան կդարձնի Ճապոնիայի Ազգային կենդանի արժեք: Ֆուձին սանը Ոչ նյութական կարեւոր արժեքի 50 պահապաններից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ