Խաղողագործությունը պետք է լինի խաղող արտադրողի եւ վերամշակողի հարաբերությունը, չի կարելի բոլոր հարցերը դնել պետության վրա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի գործընկերների երրորդ համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, պետության գործառույթն է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որպեսզի խաղող արտադրողն ու վերամշակողը կարողանան իրար հետ աշխատել. «Ամեն անգամ չի լինի այնպես, որ վերամշակողը սնանկանա, իսկ արտադրողն էլ ուզենա իր խաղողից մի կերպ ազատվել, պետք է ամեն ինչ լինի համահունչ: Դրա վրա աշխատում ենք, դա երկար աշխատանք է՝ ոչ մեկ օրվա, ոչ մեկ տարվա: Մենք ունենք հաշվարկներ ինքնարժեքի, պետք է հասկանանք եւ խորհրդատվություն տանք գյուղացուն, թե նա ինչպես անի, որ ինքնարժեքը նվազի, որպեսզի վերամշակողն այդ խաղողը գնի»:
Իգնատի Առաքելյանը կարծիք հայտնեց, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի, քանի որ այս տարի բերքը նախորդ տարվա պես շատ չէ: