News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի հնարավորությունների, խնդիրների, Մոուրինյոյի փորձարկումների, ինչպես նաեւ Գվարդիոլայի հաջողությունների մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց www.sportfakt.ru կայքի գլխավոր խմբագիր, անգլիական ֆուտբոլի մասնագետ, Արթուր Պետրոսյանը, ով համագործակցում է անգլիական այնպիսի հեղինակավոր կայքերի հետ, ինչպիսին է The Guardian-ը:

Արթուր, ես շատ քիչ մարդ գիտեմ, ով այքան լավ է հասկանում Անգլիայի Պրեմիեր լիգայից: Բացի այդ, դու նաեւ հայտնի ես քո կանխատեսումներով: Եթե մի պահ մոռանանք, որ «Լիվերպուլի» երկրպագու ես, ինչպե՞ս կգնահատես ԱՊԼ-ի մեկնարկը: Արդեն հիմա կարելի է ասել, որ «Մանչեսթեր Սիթին» հիմնական ֆավորիտն է:

Կարծում եմ՝ այո:  «Սիթին» արդեն հիմա հիմնական ֆավորիտն է: Գվարդիոլային կարող է խանգարել միայն այն, որ թիմը միանգամից մի քանի ճակատում է պայքար մղելու, որոնցից  գլխավորները ԱՊԼ-ն ու Չեմպիոնների լիգան են: Այստեղ հաղթանակից բացի ցանկացած արդյունք հավասար է անհաջողության: Այստեղ կա նաեւ վնասվածքներ ստանալու խնդիրը: Օրինակ Սերխիո Ագուերոյի ու Քեվին դե Բրույնեի վնասվածքները կարող ազդել «Սիթիի» խաղի վրա: Դե Բրույնեն արդեն հիմա մկանային խնդիրներ ունի: Նա հիմա ԱՊԼ-ի լավագույն հարձակողական ֆուտբոլիստներից է: Ես քանի տարի է հաճույք եմ ստանում բելգիացու խաղից: Ցանկացած դեպքում Գվարդիոլան հիանալի մարզիչ է, հոգեբան, ով կարող է բացել գրեթե բոլոր ֆուտբոլիստներին, ում հետ աշխատում է: Բացի այդ, «Սիթին» ունի բավականին մեծ ու որակյալ պահեստայինների նստարան:

Ինչ վերաբերում է մյուսներին, ամենից ուժեղ տպավորությունն այս պահին թողնում են «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»: Լոնդոնցիները անցյալ տարի մինչեւ վերջ պայքարում էին չեմպիոնության համար, այս տարի Սիսոկոյի, Վանյամի ու Յանսենի գալով նրանք ավելի են հզորացել: Հզորությունը շատ կարեւոր է այս թիմի համար, հաշվի առնելով թե ինչ ուժեղ պրեսինգով են նրանք խաղում: «Տոտենհեմը» բաց է թողել միայն երեք գոլ վեց խաղում: Սա ԱՊԼ-ի լավագույն արդյունքն է վեց տուրի համար: «Տոտենհեմից» բացի այս տարի ֆավորիտ է նաեւ «Լիվերպուլը», որը հանդես չի գալիս Եվրագավաթներում  եւ ուժերը կկենտրոնացնի ԱՊԼ-ի վրա:

«Արսենալը» վստահ չսկսեց, բայց հետո լավ խաղ ունեցավ Փարիզում ՊՍԺ-ի հետ: Այդ խաղն օգնեց նրանց մտնել հունի մեջ: Դրանից հետո թիմը արդեն երեք հաղթանակ է տոնել: Կանոնիրները  շարունակում են պրեսինգով խաղալ եւ հաճույք ստանալ ֆուտբոլից: Վերջին տուրում նրանք «Չելսիին» հաղթեցին բոլոր առումներով:

Իսկ «Չելսին»… չգիտեմ, թե ինչու էին գովերգում Կոնտեին: Ես մրցաշրջանից առաջ էլ էի թերահավատորեն մոտենում նրա նշանակմանը: Նրան համարում են տակտիկայի հանճար, հաշվի առնելով Եվրո 2016-ի Իտալիայի հավաքականը: Իսկ ո՞րն էր նրա հանճարն այնտեղ: «Յուվենթուսի» անփոխարինելի պաշտպանների ու դարպասապահի շուրջ թիմ կառուցե՞լը: Ամեն բան հնարավոր է, իհարկե,  բայց ես կարծում եմ, որ անգլիական ֆուտբոլում նա դեռ երկար ժամանակ խնդիրներ կունենա: «Չելսին» նախորդ տարի էլ խնդիրներ ուներ պաշտպանության հետ: Իսկ ամռանը նրանք նորեկների ձեռք չբերեցին: Ինչպես տեսնում ենք, լավագույն դարսպասապեհներից մեկն ու ամենաքանդող ֆուտբոլիստի առկայությունը քիչ է, լավ պաշտպանություն ունենալու համար:

Կարծում եմ՝ Չելսին չի լինի քառայակում:

Իսկ հիմա խոսենք գլխավորից…  Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» հայկական ֆուտբոլային աշխարհը բաժանեց երկու մասի: Մի մասը գտնում էր, որ հիանալի է, որ Մխիթարյանը կխաղա Մոուրինյոյի մոտ, մյուսներն էլ կարծում էին որ դա իր մարզիչն ու թիմը չեն, նա ավելի շատ սովոր է աշխատել համբերատար, հոգեբան մարզիչների հետ: Իսկ Ժոզեն արագ արդյունքի սիրահար է: Դու այս երկու ճամբարներից որո՞ւմ էիր: Եվ ինչպե՞ս ես գնահատում նրա հնարավորությունները հիմա:

Ես ի սզկբանե հոռետեսորեն էի նայում նրա տեղափոխությանը ոչ թե հենց «Յունայթեդ», այլ հենց Մոուրինյոյի մոտ: Անցել են այն ժամանակները, երբ Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն էր: Այս ժամանակահատվածում նա հետընթաց ապրեց, թե որպես մարզիչ, թե որպես մարդ ու հոգեբան: Վերջին ժամանակներում նրա անունն ավելի շատ կապված էր ֆուտբոլիստների ու բժիշկների հետ սկանդալների անելու, քան թե հաջողությունների հետ: Այն կերպարը, որ նա իր մասին ստեղծել էր՝ անթերի ու անսխալ, պետք է պահեր ու աշխատեր դրա վրա, բայց դա այդքան էլ հեշտ չէ զուտ հոգեբանորեն, ու Ժոզեն այդ խնդիրը չլուծեց:

Մխիթարյանը նուրբ հոգեկան կառուցվածքի տեր մարդ է: Նրան պետք է սիրեն ու հոգ տան, վստահեն ամբողջովին: Այդ դեպքում նա կկարողանա լիովին բացվել եւ արդյունք ցույց տալ: Բայց Մոուրինյոն այլեւս ֆոտբոլիստների հետ անհատապես չի աշխատում, նա ցանկանում է  որպեսզի նրանք կատարեն իր կարգադրությունները:

Հասկանալի է, որ Մխիթարյանին դժվար է: Ժամանակին նման խնդիր կար «Բորուսիայում»: Այնտեղ Մխիթարյանին շատ բան դուր չէր գալիս Կլոպի մոտեցման հետ կապված եւ թե ինչ էին իրենցից պահանջում, բայց երբ եկավ Տուխելը, նրա ձեռքերը արձակվեցին, նրան տվեցին ավելի շատ ազատություն, թե խաղային, թե հոգեբանական, եւ արդյունքը իրեն սպասեցնել չտվեց: Մխիթարյանը բացվեց ու դարձավ Բունդեսլիգայի ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Եթե Մոուրինյոն գլոբալ փոփոխություններ չանի, ապա դժվար թե Մխիթարյանի կարիերան հաջողվի «Մանչեսթերում»:

Առաջնության սկզբից Մոուրինյոն ինքն իրեն ծուղակը գցեց, երբ ասաց, որ Ռունին անփոխարինելի ֆուտբոլիստ է եւ ծաղրեց այն մարզիչներին, որոնք Ռունիին սխալ էին օգտագործում: Արդյունքում թիմում ունենալով Պոգբա, Մատա, Հերրերա, Միխիթարյան, որոնք հիանալի կարող են խաղալ որպես «տասը» համարի ֆուտբոլիստ, Ժոզեն համառորեն օգտագործում էր Ռունիին:

Վերջին խաղում նա վերջապես հեռացրեց Ռունիին ու Մատան հիանալի գործեց այդ դիրքում: Երեւի թե Մատայի հիանալի խաղից հետո Մխիթարյանին դժվար թե վստահվի իր սիրելի դիրքը «տասը» համարի տակ: Բայց Մոուրինյոյի թիմը պետք է աջ եզրում անընդհատ պրեսինգի դիմի, եւ աշխատի նաեւ պաշտպանությունից, քանի որ հետեւից խաղացող Վալենսիան շատ է միանում հարձակմանը: Պարզ է, որ Հենրիխի սրտով չէ սա, նրան ավելի շատ դուր է գալիս կառուցել, ստեղծագործել: Այս պահին դա թիմի համար ավելի կարեւոր է, բայց ի՞նչ անես: Եթե ընտրել է Մոուրինյոյին, պետք է ընդունել նրա կանոնները կամ էլ պահեստայինների նստարանին նստած սպասել նոր «Տուխելի»:

Փատորեն «Յունայթեդը» վճարեց 40 մլն, որպեսզի ֆուտբոլիստին նստեցնի պահեստայինների նստարանի՞ն:

Չեմ կարծում թե Մոուրինյոյին շատ է հուզում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Այդ դեպքում նա այդքան գումար չէր տա Պոգբայի համար: Ժոզեն դեռ չի կարողանում ճիշտ մոտեցում գտնել Մխիթարյանի հարցում, թե դաշտում, թե դաշտից դուրս: Կարծում եմ՝ պորտուգալացին էլ դեռ չգիտի, թե ինչ է լինելու հետո:

Ո՞ր թիմը կսազեր Մխիթարյանին:

Որքան գիտեմ այս ամռանը նրանով հետաքրքրվում է «Արսենալը»: Կարծում եմ՝ եթե նա տեղափոխվեր Վենգերի մոտ, չէր սխալվի: Սա այն թիմն ու մարզիչն են, որ հոգեպես ու տակտիկապես իրեն ավելի մոտ են:

Եվ դա իր սիրելի թիմն էր

Իսկապե՞ս: Այդ դեպքում առավել եւս:

Ինչպիսին կլինի ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը մրցաշարի ավարտին:

Կարծում եմ՝ առաջին երեք տեղերում կլինեն «Սիթին», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», բայց «Սիթին» ֆավորիտն է: Չորրորդ տեղում ամենայն հավանականությամբ կլինի «Արսենալը»: Իսկ «Յունայթեդը» դեռ երբեք չի նվաճել Եվրոպայի լիգան, եթե այս տարի էլ չստացվի, թող հաջորդ տարի փորձեն:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ