Պետական եւ կոոպերատիվ առեւտրի վերացման հետ այդ ոլորտում ստեղծված վակուումն արագորեն լրացրեցին տարատեսակ մասնավոր օբյեկտները: Մայրաքաղաքում արդյունաբերական ապրանքների վաճառքի ոլորտում հիմա առաջ են եկել սուպերմարկետները: Գնորդները սկզբունքորեն գոհ են, իսկ ահա մոտակա «սովորական» խանութների տերերը՝ ոչ:
Առեւտրի փորձագետներից մեկի խոսքով՝ մանրածախ առեւտրի խանութների սեփականատերերը բողոքում են շրջանառության անկումից: Նրանց ներկայացրած թվերը ցնցող են. եկամուտը պակասել է 3-5 անգամ: Իհարկե, ձեռներեցները դեմ չեն չափազանցնել բացասական երեւույթները: Սակայն հզոր մրցակցության փաստն անվիճելի է:
Նույն փորձագետի խոսքով՝ փոքր օբյեկտների մի մասը որոշ ապրանքների մատակարարման պայմանագրեր չի կնքում: Այդ պատճառով տարածում է գտնում հետեւյալ պրակտիկան. փոքր խմբաքանակները գնում են այդ նույն սուպերմարկետներից: Հետո վաճառվում են ավելի բարձր գնով:
Ի դեպ, հետաքրքիր է, որ գնորդների մի մասը նախընտրում է պաղպաղակ գնել ոչ թե սուպերմարկետներից, այլ մոտակա խանութներից: Չէ՞ որ այս ապրանքը մոտակա խանութում գտնելն ավելի հեշտ է, քան հեռու սուպերմարկետ հասնելը: Նույնն էլ ծխախոտի դեպքում: Սակայն փորձագետը նշում է, որ նման դեպքերը հազվադեպ բացառություն են:
Փոքր եւ միջին բիզնեսը ավանդ ունի բնակչությանն աշխատանքով ապահովելու գործում: 9 աշխատակից ունեցող միկրոօբյեկտներին բաժին է հասնում խանութների ընդհանուր աշխատակազմի 56 տոկոսը: ՓՄՁ մեկ այլ կարեւոր գործառույթ է միջին խավի ձեւավորումը, որը երկրում ժողովրդավարության հիմքն է: Մեզ մոտ, սակայն, առեւտրի օբյեկտների ոչ բոլոր տերերին է բնորոշ միջին խավի դասական բնութագրերը: Բայց հաշվի առնենք, որ դա միայն քաղաքացիական հասարակության զարգացման երկար գործընթացի սկիզբն է:
ՓՄՁ լրջագույն մինուսը աշխատանքի համեմատաբար ցածր արտադրողականությունն է: Սկզբում նշենք, որ ընթացիկ տարվանից սկսած՝ Ազգային վիճակագրական վարչությունը անցել է օբյեկտների նոր դասակարգման՝ ըստ անձնակազմի քանակի: Արդյունքում Հայաստանում խոշոր խանութների ցանկում (250 եւ ավելի աշխատող) կա միայն 1 օբյեկտ: Դրանից բացի, մյուս նախկին «խոշորներն» արդեն անցել են «միջինների» դասին:
Այսպես՝ ներկայացնենք հունվար-հունիս ժամանակահատվածի պաշտոնական տվյալները: Միջին խանութներում աշխատանքի արտադրողականությունը 3.4 անգամ գերազանցում է միկրոձեռնարկությունների ցուցանիշը, 2.2 անգամ էլ փոքր օբյեկտներինը: Հասկանալի է, որ նման ցուցանիշով փոքր խանութը պարտվում է հարեւան խոշոր սուպերմարկետին: Եթե, իհարկե, պետությունն աջակցություն չցուցաբերի:
Սմբատ Գրիգորյան