News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «100+1» խորագրով համերգը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից։

Հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, որոնք կատարեցին Կարինե  Հելման-Գևորգյանը և Քրիսթեր Վիկմարկը  (Շվեդիա), Նարեն (Լիբանան), Սոսե Գրիգորյանը (Իսրայել), Ադել Ազրոյանը (Ռուսաստան),  Մարինա Բերբերյանը և Իռենա  Կոֆմանը (ԱՄՆ), Արամ Խորոզյանը (Սիրիա), Սար Սարգսյանը (Արցախ):

Ստաֆանիա Թոփալյանը (Ճապոնիա) և Վահե  Թիլբյանը (Եթովպիա) կատարեցին 2015թ. Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մի ժխտիր» երգը:

Ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համույթը, քանոնահարուհի, ՀՀ ժողավրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Անահիտ Շահզադեյանը և այլք:          

Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց, որ 20-դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած եղերական իրադարձություններից 100 +1 տարի է անցել և չնայած հարվածը սոսկալի էր, իսկ հետևանքները` անչափելի` հայրենազրկում, ունեզրկում, հեռացում ազգային ավանդույթներից ու սովորույթներից՝ այնուհանդերձ հայ ժողովուրդը ապրեց, վերապրեց և ստեղծեց երկու անկախ պետություն՝ Հայաստանն ու Արցախը: «Այսօր մենք տոնում ենք մեր երկու պետությունների 25-ամյակը և վստահ ենք, որ ազգի հարատևությունը պայմանավորված է հայոց լեզուն, հավատն ու մշակույթը սրբորեն պահպանելու և սերնդե-սերունդ փոխանցելով: Նաև հայ երգի միջոցով Սփյուռքի մեր հայրենակիցները կարողացան պահպանել ազգային ինքնագիտակցությունը, հայ լինելու հպարտությունը», - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ