News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին Ալժիրում մեկնարկել է  Միջազգային էներգետիկ ֆորումը, որի նախաձեռնողներն են Վենեսուելան, Էկվադորը եւ Քուվեյթը: Ֆորումի առաջին օրվա տվյալներով՝ մասնակից երկրները հասել են նավթի արդյունահանման սառեցման նախնական համաձայնության, ըստ որում՝ հիմնական ծանրությունը կընկնի Սաուդյան Արաբիայի վրա: Առաջարկվում է Իրանի համար բացառություն անել, որպեսզի երկիրը մի փոքր փոխհատուցի վերջին տարիների արդյունահանման անկումը: ՕՊԵԿ-ի ավելի կոնկրետացված որոշումները կընդունվեն ընթացիկ տարվա նոյեմբերին:

Մի շարք փորձագետներ կասկածամտությամբ են վերաբերվում նավթի արդյունահանման սառեցման գաղափարին, որը նպատակաուղղված է նավթի համաշխարհային գների բարձրացմանը կամ՝ նվազագույն դեպքում կայունացմանը: Խնդիրն այն է, որ ներկայումս ռեկորդային ցուցանիշների են հասել ոչ միայն ՕՊԵԿ երկրներում (որի մասնաբաժինը նավթի համաշխարհային արդյունահանման մեջ, որոշ աղբյուրների տվյալներով, գերազանցում է 40 տոկոսը), այլ նաեւ Ռուսաստանում: Ռուսաստանը ընթացիկ տարվա ընթացքում անցած ամիսներին մեծացրել է թե՛ նավթի արդյունահանումը, թե՛ արտահանումը: 

Նախկինում ՕՊԵԿ-ի համար փորձաքար էր համարվում նավթի արդյունահանման մակարդակի հանդեպ Իրանի (որին է պատկանում նավթի համաշխարհային արդյունահանման 4 տոկոսից ավելին) եւ Սաուդյան Արաբիայի (13 տոկոսից ավելին) երկու տարբեր մոտեցումները: Ինչպես հայտնի է, այս երկրները մրցակցում են ոչ միայն նավթի համաշխարհային շուկայում, այլ նաեւ տարածաշրջանում քաղաքական ազդեցության համար, ինչը նրանց հարաբերություններին առանձնահատուկ լարվածություն է հաղորդում:

Համաշխարհային դավադրության տեսության կողմնակիցները կարծում են, որ Սաուդյան Արաբիան ծառայում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի տարածմանը եւ իր ներդրումն է ունեցել ԽՍՀՄ փլուզման գործում (նավթի արդյունահանման կտրուկ մեծացման միջոցով, որը հանգեցրել է նավթի համաշխարհային գների նվազման):

Ուշագրավ է, որ մերձավորարեւելյան միապետության ներկայիս զիջումները համընկել են ԱՄՆ Կոնգրեսի սենատի որոշման հետ՝ Սաուդյան Արաբիայի դեմ ներկայացված հայցերի մասին օրենքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներին մասնակցել են նաեւ Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիներ:

Եթե այդ որոշման օգտին (շրջանցելով երկրի նախագահի վետոն) քվեարկի նաեւ Ներկայացուցիչների պալատը, ապա իրավաբանական նախադեպ կառաջանա: Այդ դեպքում ԱՄՆ քաղաքացիները կարող են դատական հայց ներկայացնել այն երկրների դեմ, որոնք ահաբեկչության «մեղսակից» են համարվում: Սաուդյան Արաբիան բավական ցավագին է ընդունում ամերիկացի օրենսդիրների այդ նախաձեռնությունը, այնպես որ՝ ընդունակ է ի վնաս ԱՄՆ գլոբալ շահերի պատասխան միջոցառումներ ձեռնարկել նավթային ճակատում:

Չնայած վերջին տարիներին նավթի համաշխարհային գները կիսով չափ նվազել են, նավթի արդյունահանումը որոշ նավթարդյունահանող երկրների, այնուամենայնիվ, մեծ եկամուտներ է բերում: Իհարկե, ոչ բոլորին, այլ այն երկրներին, որոնց արդյունահանման ինքնարժեքը համեմատաբար ցածր է: Օրինակ՝ Սաուդյան Արաբիային եւ Իրանին, որոնց արդյունահանման միջին ինքնարժեքը բարելի դիմաց համապատասխանաբար՝ մոտ 4 եւ 5 տոկոս է: Իսկ ահա Վենեսուելայում, որի տնտեսությունը հասել է ծայրահեղ վիճակի, այդ ցուցանիշը երկու անգամ բարձր է:

Չնայած Ռուսաստանում ինքնարժեքի հարաբերակցությունն արդեն հասնում է 3-4 անգամի, տնտեսության կախումը նավքահումքի արտահանումից ավելի փոքր է՝ ի տարբերություն, օրինակ, Վենեսուելայի: Այդուհանդերձ, Ռուսաստանում նավթադոլարների կրճատման հետեւանքները խորանում են մի շարք այլ գործոններով (Արեւմուտքի որոշ երկրների սահմանած տնտեսական պատժամիջոցներով, ֆինանսական կապիտալի արտահոսքով, արտասահմանյան ներդրումների կրճատմամբ եւ այլն):

Բնականաբար, Նավթի գները նաեւ տարբերակվում են՝ դրա որակից կախված (հումքի խտություն եւ պարունակություն): Առավել որակյալ են համարվում, այպես կոչված, էտալոնային տեսակները՝ ԱՄՆ հյուսիսծովային Brent Blend, West Texas Intermediate (WTI) եւ դուբայական Dubai Crude տեսակները: Նավթի մյուս տեսակների առուվաճառքի գները որոշվում են՝ ելնելով նշված էտալոնային տեսակների արժեքից: Հավելենք, որ էտալոնային տեսակների գնանշման հիմքի վրա են որոշվում  աշխարհում արտահանվող նավթի պայմանագրերի 90 տոկոսի գները:

Ռուսական նավթի արտահանվող տեսակների՝ Urals, Siberian Light եւ REBCO, գները կապված են Brent-ի գնի հետ: Urals նավթի եւ իր բնութագրերով նույն տեսակի REBCO-ի (որը երբեմն կոչվում է Urals REBCO) համատեղ մասնաբաժինը գերազանցում է ռուսական նավթի արտահանման 80 տոկոսը:

Իրենց նպատակին հասե՞լ են արդյոք ՕՊԵԿ երկրները: Աշխարհի ներկայիս իրավիճակն էականորեն տարբերվում է հեռավոր անցյալի պատկերից: Ահա, ընդամենը մեկ օրինակ: Եթե համաշխարհային գները անցնեն որոշակի նիշից, ապա ԱՄՆ-ում կգործարկվեն թերթաքարային նավթի այն հանքավայրերը, որոնք արդյունահանելն այժմ շահավետ չէ: Դա, իր հերթին, կարող է հանգեցնել համաշխարհային գների հերթական փլուզման: Այդ ժամանակ նավթարդյունահանող երկրները դարձյալ հարկադրված կլինեն գների անկումը փոխհատուցել արդյունահանման եւ արտահանման աճով:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ